Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք. Նարեկ Մինասյան

veradardz

ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցի մասին մի քանի դիտարկում. Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Փաստացի գործնական կիրարկման փուլ է մտել ՀՀ նոր մերձավորարևելյան ռազմավարությունը, կամ, այլ կերպ ասած, Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք:
Տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ՀՀ պետական և ազգային շահերի վերաձևակերպում և տարածաշրջանային նոր իրողությունների վերագնահատում, ինչը հիմքեր է ստեղծել նախկին չեզոք, կրավորական կեցվածքը առավել պրոակտիվ և նախաձեռնողական քաղաքականությամբ փոխարինելու:
Եգիպտոսի ընտրությունը որպես մեկնակետ պատահական չէ և պայմանավորված է մի կողմից հայ-եգիպտական ավանդական հարաբերություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում, արաբական աշխարհում Եգիպտոսի մեծ կշռով ու դերակատարմամբ:
ՀՀ ԱԳ նախարարի այցը հաջողված էր. այն նպատակ ուներ հիմքեր ձևավորել հայ-եգիպտական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչի արտահայտությունը կդառնա Եգիպտոսի նախագահ ալ-Սիսիի նախատեսվող այցը Հայաստան (համարժեք օրակարգով):
Եգիպտոսը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ինչի վառ արտահայտությունն էր երկրի նախագահի մակարդակով ՀՀ ԱԳ նախարարի ընդունելությունը (ոչ հաճախ հանդիպող երևույթ): Ընդհանուր շահերը շատ բազմազան են՝ ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրից (ի դեպ, ԵԱՏՄ անունից հենց Երևանն է բանակցում) մինչև տարածաշրջանում Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականության հակազդում և այլն:
ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության կարևոր ուղղություններից է դառնում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը, և այս առումով Եգիպտոսում մի շարք հոգևոր առաջնորդների հետ հանդիպումները  հետաքրքրական էին:
Մերձավորարևելյան ուղղությամբ ակտիվացումը հայկական դիվանագիտության առաջիկա ամիսների առաջնահերթություններից է, և նախատեսվում են այլ այցեր ևս՝ ԱՄԷ, Լիբանան, Իրաք, Հորդանան, Սիրիա և այլն:

Ձեզ կհետաքրքրի...