Վրաերթ Երևանում. 38-ամյա վարորդը Սասունցի Դավթի հրապարակում Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 3 երեխայի.
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com