Այսօր Երևանում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց Mercedes G 500-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ստեփանյանի կողմից վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց վրաերթի ենթարկվելուց հետո: Տեղեկությունը Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղ հետաքննիչ Ա. Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր հիվանդանոց, այնուհետև օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Հովհաննես Երանոսյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com