Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի լուծումը հետաձգվել է
Հատուկ քննչական ծառայության քննիչը հետաձգել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցնելու հարցի լուծումը։ Այս մասին Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանին բանավոր կերպով հայտնել է գործով քննիչը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ իրենց վարույթում քննվող քրեական գործերից մեկով Վաչագան Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ 2008-2018 թվականներին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ՊՊԾ ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ՝ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: ՀՔԾ-ն հայտնում է, որ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վաչագան Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 դրամ։
Թեև Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վերը նշված գումարը վերականգնել է։ Պաշտպանն ասում է՝ գումարը վճարվել է, որպեսզի Ղազարյանին «հանգիստ թողնեն»։
Մհեր Հակոբյանի խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս Վաչագան Ղազարյանը դիրքորոշում է հայտնել, որ չի առարկում իր նկատմամբ համաներում կիրառելու դեմ, քննիչն այս դիրքորոշումը դիտարկել է որպես Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդություն ու դրա քննությունը հետաձգել՝ մինչև գործի համար էական հանգամանքների պարզումը։
Պաշտպանն ասում է՝ քննիչն իրենց փոխարեն չէր կարող որոշել, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, իրենք պարզապես դիրքորոշում են հայտնել, որ չեն առարկում համաներման դեմ, այդ պայմաններում, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, քննիչը պարտավոր է համաներում կիրառել։
Հակոբյանին հայտնի չէ, թե, ըստ ՀՔԾ քննիչի որոշման, գործով ի՞նչ էական հանգամանքներ պետք է պարզվեն․ որոշումը նրան ուղարկվել է փոստային առաքմամբ, այն դեռևս չի ստացել։
Այնուամենայնիվ, պաշտպանը պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը։
«Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ է նման դեպք արձանագրվում, երբ անձը չի առարկում իր նմատմամբ համաներում կիրառելու դեմ, գույքային վեճ առկա չէ, անձը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, իրեն վերագրվող արարքը նախատեսում է առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում, այսինքն՝ բոլոր հիմքերը կան՝ համաներման կիրառմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, սակայն նման որոշում չի կայացվում։ Սա հայ իրավական մտքին անհայտ մոտեցում է, երևի միայն նոր Հայաստանում է այդպիսի բան լինում, ուստի որոշումը բողոքարկելու ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մհեր Հակոբյանը։
hetq.am