Մոտ 10 օր առաջ եղել եմ ԱԱԾ-ում. Հովհաննես Շահինյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին. ArmDaily
ԱԱԾ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր են բացահայտվել։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։
Հաղորդագրության մեջ նշված տարիներին Արաբկիր վարչական շրջանը ղեկավարել է Հովհաննես Շահինյանը։ Նա մեր ուղարկած հաղորդագրությունից տեղեկացավ հարուցված քրեական գործի մասին։ Շահինյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 10 օր առաջ եղել է ԱԱԾ-ում, հրավիրել էին բացատրություն տալու համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամանակի հետ կապված, որեւէ կարգավիճակ չունի։ Մինչեւ նրան կանչելը, ԱԱԾ-ում հարցաքննել էին նաեւ այդ տարիներին պաշտոններ զբաղեցրած անձանց, ավագանու անդամներին։ «Բայց ես օգտվել եմ իմ իրավունքից, հրաժարվել եմ բացատրություն տալուց, ինձ հայտնել են, որ գոյություն ունի վաղեմություն, որի հիմքով կարող են գնալ այդ գործերի կարճման, ինչը իմ կողմից մերժվել է, որպեսզի գնան կարճման։ Պահանջ եմ ներկայացրել, որպեսզի հարուցվի քրեական գործ, քննվի, եթե կան մեղավորներ, մեղքի բաժին, թող պատասխանատվության ենթարկվեն…ինչի օգտվել վաղեմությունից, կատարած խախտումների կամ պաշտոնական դիրքի չարաշահումների համար պետք է պատասխան տալ»։
Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ նշված դրվագներին, ապա, նախկին թաղապետն ասաց, որ «սատկած հավի ծիծաղն է գալիս հաղորդագրությունում գրվածից»։
Հովհաննես Շահինյանը նշեց, որ հեղափոխությունից հետո իրեն բազմաթիվ կառույցներ են հրավիրել՝ ՀՔԾ, ԱԱԾ, ՀԿԳ, սակայն ինքը այն մարդկանցից չէ, որին կարելի է լռեցնել, ճնշել, ինքը չի պատրաստվում թաքնվել, փախչել քննությունից։
Ի դեպ, Շահինյանն այժմ գտնվում էր Մոսկվայում, սակայն նշեց, որ անպայման վերադառնալու է հոկտեմբերի 8-ի հանրահավաքին մասնակցելու համար։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է մեկնել, հնարավո՞ր է ՌԴ քաղաքացիություն ունի, Շահինյանն ասաց, որ երբեւէ այլ պետության քաղաքացի չէ եղել, համապատախան փաստաթղթերի առկայություն պայմաններում կարողացել է մեկնել։