Դատարանը վաղը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները

dataran

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ կողմերի բողոքները:

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա գրառումը՝ ստորեւ.

Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել: Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը:

Ձեզ կհետաքրքրի...