Մաքսազերծման նոր կարգը՝ ազատ շնչելու հնարավորություն տեղական արտադրողի համար

shor u koshik

 Շոր ու կոշիկ ներկրողները շարունակում են պահանջել մաքսազերծման փոփոխությունների վերանայում։ Նրանք հայտարարել են, որ այս հինգշաբթի՝ կառավարության նիստերի օրը, կրկին բողոքի ակցիա են անցկացնելու։ Մինչդեռ ՊԵԿ-ը հետքայլ անելու մտադրություն չունի։ Ներկրողների ու ՊԵԿ-ի պատասխանատու ներկայացուցիչների հանդիպումներն էլ առայժմ ընդհանուր եզրահանգման գալու հիմքեր չեն տալիս։                      

Հավասար դաշտ հագուստ ներկրող բոլոր տնտեսվարողների համար․ կոշիկի և հագուստի ներկրման համար մաքսազերծման կարգի փոփոխության հիմքում այս մոտեցումն է։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝  փոփոխությունը կոչված է շուկայում հավասար պայմաններ ստեղծելուն։

«Մենք կարող ենք այս տեսանկյունից ևս նայել հարցին, որ հիմա մենք գնում ենք դաշտի կարգավորման, որովհետև մի օր էս դաշտը պե՞տք է կարգավորվի, թե՞ ոչ։ Ես կարող եմ փաստել, որ հագուստի ներմուծումը էն եզակի ոլորտներից է, եթե ոչ միակ ոլորտը, որը դեռևս տարատեսակ տնտեսվարողների համար տարատեսակ մոտեցումներ է կիրառում և կարգավորված չէ։ Սա մի օր պետք է կարգավորվեր, և սեպտեմբերի 1-ից մենք բռնել ենք հագուստի շուկայի ներմուծման կարգավորման ուղին»։

Դրան զուգահեռ  նոր կարգավորման դեմ պայքարի ուղին բռնեցին հագուստ-կոշիկ ներկրող տնտեսվարողները։ Նրանք պահանջում են մաքսազերծումը շարունակել կատարել հին կարգով, այսինքն՝ ոչ թե հատով, այլ կիլոգրամով։ Այս պահանջով ներկրողներն այս հինգշաբթի կրկին կառավարության շենքի դիմաց են գալու։  

«Եթե հաշվարկ են արել, որ պիտի էս միջոցով բյուջեի հոսքերն ավելացնեն, միանշանակ սխալ հաշվարկ է»։

Անցած շաբաթ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակցների ու պատասխանատուների հանդիպումներն այդպես էլ արդյունք չեն տվել։ Թեպետ հանդիպումներում ՊԵԿ ներկայացուցիչներն իրենց հաշվարկները ևս ներկայացրել են ներկրողներին ու որևէ առարկություն չեն ստացել, հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը։ 

Ի սկզբանե մաքսային մարմիններում էլ լավ գիտեին, որ բարդ ու դժվար է լինելու իրենց համար էլ, բայց առաջարկված փոփոխություններին այլընտրանք չկա։ Այս մասին ներկրողների հետ հանդիպումներում և հրապարակային ելույթներում պարզաբանել են նաև ՊԵԿ ներկայացուցիչները։ Շուշանիկ Ներսիսյանն ասում է, որ հաշվարկներ են կատարել, մոնիթորինգ են իրականացրել նաև շուկաներում ու պարզել.

«Ստացվեց, որ կրկնակի շահույթ է այստեղ ապահովվում»։  

Քաշային մաքսազերծման գործընթացից օր առաջ դուրս գալու անհրաժեշտության մասին խորհրդարանի ամբիոնից խոսեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետքայլ անի։ Քաշային մաքսազերծման գործընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է  առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով»։

Մաքսազերծման նոր կարգում շնչելու հնարավորություն են տեսնում տեղական արտադրողները։ Նման որոշման համար տասնյակ տարիներ ենք պայքարել՝ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Թևթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը։

«Երբ կիլոգրամով են մաքսազերծում, իսկ այնտեղ լինում են տարբեր գնանոց ապրանքներ, ներկրվող ապրանքների ինքնարժեքը իջնում է։ Դա տեղական արտադրությանը զրկում է մրցունակությունից։ Դրա համար Հայաստանում արտադրողները կանգնել են տրիկոտաժի վրա։ Այս որոշումը պետք էր վաղուց ընդունել, որպեսզի Հայաստանում թեթև արդյունաբերությունը սկսի նորմալ զարգանալ,»։

Հովսեփ Պողոսյանը նկատում է, որ երբ հումքը ներկրվում է և այստեղ հագուստ է արտադրվում, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ դրա ինքնարժեքը կրկին ավելի էժան է ստացվում, քան ներկրվող հագուստինը։ Սա նշանակում է, որ դա դառնում է ոչ ձեռնտու գործունեություն, այսինքն՝ տեղական արտադրողները գործում էին ոչ հավասար մրցակցության պայմաններում։ Հովսեփ Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք ժամանակին նման խնդրով դիմել էին նաև ՏՄՊՊՀ-ին։ Կառույցը  ուսումնասիրություն էր անցկացրել ու եզրահանգել՝ խնդիրը օրենքի դաշտում է։ Տեղական արտադրողները պատի էին դեմ առել՝ ասում է զրուցակիցս, եզրահանգում՝ վերջապես հավասար մրցակցություն կլինի, որը կնպաստի տեղական թեթև արդյունաբերության զարգացմանը։

armradio.am

Ձեզ կհետաքրքրի...