Մեր երկխոսության մեջ չկա ոչ մի «տաբու», սակայն չեմ հիշում դեպք, որ մենք թեժ վիճաբանած լինենք. Սերգեյ Կոպիրկին armtimes
Հարցազրույց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
-Պարոն դեսպան, Հայաստանի Հանրապետության համար սեպտեմբերը տոնական ամիս է. նշվեց Անկախության 29-րդ տարեդարձը: Հարցազրույցին պատրաստվելիս օրացույցը հուշեց, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների պատմության մեջ ևս սեպտեմբերը նշանակալից է. 2000 թվականի սեպտեմբերի 26-ին ՌԴ և ՀՀ միջև ստորագրվել է «21-րդ դար ուղղված հայեցակարգային դեկլարացիա», որտեղ նախանշված են երկու երկրների բազմաշերտ կապերի բոլոր դրույթները: Ի՞նչ կետ կավելացնեիք այդ դեկլարացիայում, եթե այն ստորագրվեր այսօրվա իրականության պայմաններում:
Նախ, օգտվելով առիթից՝ կցանկանայի միանալ Ռուսաստանի ղեկավարության շնորհավորանքներին Հայաստանի անկախության ազգային տոնի առթիվ՝ ցանկանալով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք:
Իրավացի եք, այս տարի լրանում է հիշյալ դեկլարացիայի ստորագրման 20-րդ տարեդարձը: Այդ փաստաթղթում արձանագրված են այն բոլոր հիմնարար արժեքները, որոնք մինչ օրս մեր ռազմավարական փոխհարաբերությունների հիմքում են և ապահովվում են դրանց կայունությունը, սակայն, բնականաբար, այդ փաստաթղթի ստորագրման պահին միջազգային պատկերը այլ էր, և այսօր մենք երկու տասնամյակ անց ունենք նոր իրողություններ, որոնք ուշադրության կարիք ունեն: Օրինակ՝ եվրասիական տարածքում ԱՊՀ-ի կողքին կա մեկ այլ կառույց՝ ԵԱՏՄ-ն, որը, անկասկած, անդամ պետություններին հնարավորություն է տալիս լինել առավել մրցունակ այսօրվա փոխկապակցված աշխարհում:
Այդ դեկլարացիայի կետերից մեկը նվիրված է ՄԱԿ-ի գլխավորությամբ տարատեսակ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացմանը: Սակայն, ցավոք, այսօր չի կարելի չնկատել որոշ երկրների ձգտումը՝ «սեփականաշնորհել» միջազգային ինստիտուտները՝ դրանք նեղ, էգոիստական նպատակներով օգտագործելու համար: Օրինակներից մեկը «Քիմիական զենքը արգելող» կազմակերպությունն է, որտեղ մի շարք երկրներ գիտակցաբար աշխատանք են տանում «Քիմիական զենքը արգելող Կոնվենցիայի» համաձայնեցված աշխատանքները տապալելու ուղղությամբ: Եվ ցուցակը դրանով չի սահմանափակվում:
«Կանոնների վրա հիմնված կարգ» հայեցակարգ նախաձեռնողների մտադրությունները շոշափում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բացառիկ լիազորությունները։ Օրինակ՝ նրանք փորձեր են ձեռնարկում խոչընդոտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կատարումը: Այսպես, Իրանի հետ «միջուկային գործարքից» (համաձայնագիր, որը հավանության էր արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ում) դուրս գալուց հետո Վաշինգտոնը դրդում էր այլ ստորագրողների հետևել նրա օրինակին:
Հիշյալ փաստաթղթում արձանագրված է նաև մեր երկրների մտադրվածությունը՝ աշխատել հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրի վրա, որը ստորագրվել է 1972 թվականին և որը գլոբալ ռազմավարական կայունության կարևորագույն հիմքերից մեկն է: Այսօր մենք տենդենց ենք տեսնում դրա ապամոնտաժմանն ուղղված, որը սկսվեց այն պահից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ այդ պայմանագրից: Նրանք միակողմանի կերպով լքեցին նաև «Միջին և փոքր հեռավորության հրթիռների լիկվիդացման» և «Բաց երկնքի» մասին պայմանագրերը: Այս ամենի հետևանքով աշխարհը կարող է զրկվել մի շարք պայմանագրերի վրա հիմնված սպառազինությունները զսպող մեթոդներից, ինչը լուրջ ռիսկեր է կրում:
Իմ կարծիքով՝ այդ դեկլարացիայում կարելի էր ավելացնել նաև կետ միջազգային տեղեկատվական անվտանգության ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները ամրապնդելու մասով: Այսօր աշխարհում ակնհայտ կերպով պահանջ է զգացվում մշակել և համաձայնեցնել պետությունների պատասխանատու պահվածքի կանոններ՝ տեղեկատվական հարթակում կիրառվող: ԿՈՎԻԴ-19-ի հետ կապված փորձությունը ապացուցելու եկավ՝ մեխանիզմներ մշակելու այդ անհրաժեշտությունը, որը մեզ հնարավորություն կտա մասշտաբային ճգնաժամային իրավիճակներում դիմակայել միահամուռ ուժերով:
Ընդհանուր առմամբ ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև հարաբերությունները, պահպանելով շարունակականությունը, հաջողությամբ ադապտացվում են անընդմեջ փոփոխվող աշխարհի պայմաններում, ինչը թույլ է տալիս միասնական ուժերով դիմակայելու տարատեսակ մարտահրավերների:
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ եթե պետություններն ունեն գործընկերային, իրավահավասար, իսկ Հայաստանի և Ռուսաստանի պարագայում՝ նաև դաշնակցային փոխհարաբերություններ, ապա որոշակի վիճելի հարցերը շրջանցելը ոչ թե լավ, այլ, հակառակը, վատ ազդակ է: Կա՞ն արդյոք վիճելի, բայց շրջանցվող հարցեր երկու երկրների երկխոսության մեջ այս պահին:
Նախ և առաջ թույլ տվեք նկատել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները ավելին են, քան ռազմավարական գործընկեր լինելը. մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, որը, ըստ էության, բնութագրում է մեր փոխգործակցության բնույթը:
Բնականաբար, մեր համագործակցության ընթացքում ծագում են տարատեսակ հարցեր, սակայն ես չեմ անվանի դրանք «վիճելի»: Հայաստանում իմ աշխատանքի երկու տարվա ընթացքում ես չեմ հիշում դեպք, որ մենք թեժ վիճաբանենք ինչ-որ հարցի շուրջ: Կա նորմալ աշխատանքային գործընթաց, և, որպես դաշնակիցներ, մենք չունենք ոչ մի տեսակի «տաբու», և դա մեզ թույլ է տալիս բաց և կառուցողական երկխոսության միջոցով գտնել «լուծումներ»՝ հաշվի նստելով միմյանց հետաքրքրությունների հետ: Այդ մոտեցումը ամրապնդվում է նաև նրանով, որ մեր փոխհարաբերությունները, ունենալով բազմադարյա պատմություն, հենված են ամուր հենքի վրա:
Շատ է խոսվում այն մասին, թե երկու երկրների օրակարգում տեղեկատվական քաղաքականությունը լիարժեքորեն կայացած չէ, և կան բացեր: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ բացերը:
Մեր երկկողմանի հարաբերությունների մեջ տեղեկատվական բաղկացուցիչը, անկասկած, կարևորագույն նշանակություն ունի: Իհարկե, դա հասկանում են և՛ Մոսկվայում, և՛ Երևանում, ինչը իր արձագանքն է գտել, օրինակ, սեպտեմբերի սկզբում տեղի ունեցած բանակցությունների մեջ, որը վերաբերում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությանը՝ ներառելով ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցը «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո: Մենք ուշադիր կերպով հետևել ենք իրավական այդ փաստաթղթի ընդունման գործընթացին և ուշադրություն ենք դարձրել ԶԼՄ-ներում ծամծմվող այն տեսակետներին, որոնք մտահոգություններ են պարունակում, թե արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքները սպառնալիք են լեզվական և տեղեկատվական անվտանգության տեսանկյունից: Սակայն մեր ժողովուրդների կյանքը ամուր կերպով միահյուսված է, այնպես որ մեր քաղաքացիները փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կենսակերպով. Ռուսաստանում ցանկանում են իմանալ՝ «ինչով է ապրում» Հայաստանը, Հայաստանում հետաքրքրությամբ հետևում են, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում: Տեղեկատվության առումով մենք սերտորեն կապված ենք միմյանց, և այդ ենթատեքստում մենք կարծում ենք, որ տեղեկատվական անվտանգությունն այնն է, որ մարդիկ հնարավորություն ունենան հետևելու այն լրատվամիջոցներին, որոնք պետք են և հետաքրքիր են նրանց համար:
Այո՛, հաճախ կարելի է լսել քննադատություն այն առումով, թե ինչպես են Ռուսաստանում լուսաբանվում այս կամ այն իրադարձությունները, բայց դա, մեր համոզմամբ, առիթ չէ՝ վերացնելու ինչ-որ ալիքներ, այլ առիթ է խոսել այդ հարցի շուրջ և գտնել փոխշահավետ լուծումներ:
Ես կարծում եմ, և Դուք էլ նկատել եք, որ ԶԼՄ-ներում հնչող տեսանկյունները ոչ միշտ են արտացոլում միջպետական հարաբերությունների իրական պատկերը: Օրինակ, իմ կարծիքով, պետք է ճիգ գործադրել և խուսափել սպեկուլյացիաներից ու շահարկումներից ռուս-հայկական փոխհարաբերությունների թեմայի շուրջ՝ օգտագործելով դրանք ինչ-որ մեկի կոնյուկտուրային հետաքրքրությունների շրջանակներում: Կարևոր է ինֆորմացիայի հետ աշխատելիս ցուցաբերել արհեստավարժ մոտեցում, որի հետևանքով դրա օբյեկտիվ մատուցումը լսարանին կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների լավ ընկալմանը:
Մենք ինֆորմացիոն փոխգործակցության ոլորտում ունենք պոտենցիալ: Օրինակ՝ օգտակար կլիներ, եթե մեր երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, էքսպերտային շրջանակները ավելի ակտիվ շփվեին միմյանց հետ, ստեղծվեին երկխոսության նոր հարթակներ:
Այսօրվա սոցցանցային տեղեկատվական իրականության մեջ մեդիադեմքերը հաճախ, առավել քան ԶԼՄ-ները լուրջ ազդեցություն ունեն լսարանի ընկալումների վրա: Ի՞նչ մոտեցումներ է պետք որդեգրել՝ բացառելու համար այդ ազդեցության բացասական երանգները, որոնց հաճախ ենք ականատես լինում՝ ինֆորմացիոն երկխոսությունը ավելի կառուցողական դարձնելու համար:
Կհամաձայնվեմ Ձեզ հետ, որ այսօր հաճախ հասարակայնության կարծիքը ձևավորում են, այսպես կոչված, «Opinion maker»-ները, որոնք կան բացարձակապես մեր կյանքի ցանկացած ոլորտում: Սակայն, իմ կարծիքով, քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները այն ոլորտները չեն, որոնց վերաբերյալ դիրքորոշում պետք է ձևավորել՝ հենվելով ինչ-որ մեկի մասնավոր դատողությունների, այլ ոչ թե փաստերի կամ, այսպես կոչված, «արարքների» վրա. չէ՞ որ «վստահելով» մեկ աղբյուրի՝ բարդ է օբյեկտիվ կերպով գնահատել տեղի ունեցողը, և հաճախ նման մոտեցման արդյունքում կարելի է գերի դառնալ ինչ-որ մեկի, այդ թվում՝ բոլորովին օտար մեկի շահերին: Հստակ և օբյեկտիվ պատկեր ստանալու համար, օրինակ, միջազգային հարաբերությունների մասին անհրաժեշտ է համադրել մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, հենվել փաստերի և առկա գործողությունների վրա, լսել պաշտոնական դեմքերի հայտարարությունները, քանի որ հենց նրանք են իրավասու փոխանցել լսարանին այս կամ այն երկրի կողմից տարվող քաղաքական իրական գիծը:
Ինչ վերաբերում է կառուցողական երկխոսության բարելավմանը տեղեկատվական ոլորտում, ապա մի քանի հնարավոր քայլերի մասին արդեն խոսեցի վերևում: Այդ ամենով հանդերձ՝ ընդգծում եմ, որ կարևոր է այդ երկխոսության բաց բնույթի լինելը, որը թույլ կտա որևէ խնդրի դեպքում գտնել լուծում, իսկ մեր երկրների դաշնակցային և հասուն փոխհարաբերությունները մեզ թույլ են տալիս գնալ նման ճանապարհով:
2020-ը դեռ չի ավարտվել, բայց, վստահաբար, կարող ենք ասել, որ այն բարդ տարի էր: ԿՈՎԻԴ-19 համավարակ, որը հանգեցրեց օդային ու ցամաքային սահմանների փակման՝ մեզ հայտնի բոլոր բարդություններով, հայ-ադրբեջանական սահմանային սրացումներ, որոնք վերածվեցին «ծիրանային պատերազմի» Ռուսաստանի տարածքում: Ստիպեցի՞ն արդյոք հիշյալ փորձությունները որոշակի վերանայումներ կատարել երկու երկրների գործընկերային օրակարգում:
Նոր կորոնավիրուսային համավարակը, որին բախվել է ողջ աշխարհը, բնականաբար, անդրադարձել է պատվիրակությունների առկա փոխանակումների ժամանակացույցի վրա, սակայն չի անդրադարձել մեր հարաբերությունների էության վրա: Չնայած բարդ համաճարակաբանական իրավիճակին՝ մեր երկրների միջև պահպանվել է բավականին ինտենսիվ երկխոսություն բոլոր մակարդակներում, ներառյալ բարձրագույնն ու բարձրը՝ ինչպես երկկողմ առումով, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակներում: Շարունակում են աշխատել նաև համագործակցության երկկողմ միջկառավարական և միջխորհրդարանական գործիքները: Նախորդ շաբաթ Իրկուտսկում կայացել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը: Մշտապես շփման մեջ են Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները: Մինչև տարվա վերջ նախատեսվում են այդ հանձնաժողովների լիաձևաչափ նիստեր, ինչպես նաև ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով:
Չնայած նոր կորոնավիրուսային համավարակին՝ իրենց դինամիկ աշխատանքն են շարունակում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, այդ թվում՝ նաև տեսակապով: Ի դեպ, նախատեսվում է, որ հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ «առկա» ձևաչափով: Նշեմ, որ Եվրասիական տնտեսական միությունն այս բարդ պայմաններում ցուցաբերել է ի շահ իր անդամ երկրների արդյունավետ գործելու իր կարողությունը: Օրինակ՝ մի շարք միջոցներ են մշակվել ու ձեռնարկվել, որոնց նպատակն էր ապահովել մարդկանց առողջության պաշտպանությունը, բիզնեսի համար հետևանքների նվազեցումը, բնակչության զբաղվածության ու ֆինանսական համակարգի կայունության պահպանումը: Չնայած համավարակին՝ պահպանվել է տնտեսության բնագավառում լիամասշտաբ փոխգործակցությունը: Երկկողմ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում, ըստ Ռուսաստանի ԴՄԾ-ի տվյալների, 2019 թվականի նույն ժամանակահատվածին համեմատ էապես չի կրճատվել՝ ընդամենը 0,5%-ով:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումը չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցման էության վրա: Մեր խորին համոզմամբ տվյալ հակամարտությունն ուժային լուծում չունի, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության միջոցով: Ռուսաստանը իրապես հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման մեջ ու պատրաստ է հետագայում ևս ակտիվ միջնորդի դեր կատարել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, այնպես էլ ազգային առումով: Ուստի ամփոփելով՝ կարող եմ ասել, որ մենք ունենք բոլոր նախապայմանները, որ որևէ փորձություն, նույնիսկ նոր կորոնավիրուսային համավարակը, չկարողանա բացասաբար ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որոնք շարունակում են աստիճանաբար զարգանալ ռազմավարական դաշնակցության ոգով: Կարևորն այն է, որ մեր երկու երկրներն էլ գիտակցում են դրանց կարևորությունը:
Նաիրա Բաղդասարյան
armtimes.com