Վարչապետը Արթուր Ասոյանին զրկել է շնորհակալագրից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:
Հիշեցնենք՝ նա սեպտեմբերի 18-ին որոշում էր ստորագրել, որով պարգևատրումներ էր արել։ Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը: Արթուր Ասոյանը նշել էր, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել է նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւս ներկայացրել էր կատարված աշխատանքները:
Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ, վարչապետի որոշմամբ, Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։
Որոշման մեջ ասվում է.
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու մասին» N 1073-Ա որոշման 1-ին կետից հանել «Արթուր Աշոտի Ասոյանին — Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար» բառերը: