Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան. Սամվել Մարտիրոսյան
Տավուշյան մարտերի համեմատ այս պահին հայկական կողմը տեղեկատվական դաշտում շատ ավելի ակտիվ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ինչպես սովորաբար՝ այս դեպքում եւս Արցախի սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Երեկ նրանք կոտրել էին մի շարք լրատվական կայքեր, որոնք սակայն կարճ ժամանակ անց վերականանգնվեցին:
ՀԺ-ն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է տեղեկատվական պատերազմի ներկա վիճակի մասին:
— Պարո՛ն Մարտիրոսյան այս պահին իրական պատերազմին զուգահեռ ի՞նչ իրավիճակ է տեղեկատվական պատերազմում:
— Գլոբալ առումով բեկումնային բաներ չկան ոչ մի կողմի մոտ: Տավուշյան դեպքերը կարելի է ասել փորձ եղավ. Ադրբեջանը կիրառեց ինչ հնարավոր մեթոդ ուներ ու հիմա փաստացի լուրջ ազդեցություն չեն կարողանում ունենալ: Իհարկե՛, կայքերի վրա լուրջ հարձակումներ իրականացրեցին եւ շատերը երեկ ազդվեցին, որ ադրբեջանցիների կողմից միանգամից մեծ քանակի կայքեր կոտրվեցին՝ նաեւ լրատվականներ, սակայն իրականում տեխնիկական տեսանկյունից դա մի հարձակում էր: Կոտրել էին մեկ հաշիվ, որի միջոցով էլ մնացած կայքերը կարողացել էին կոտրել:
Այս պահին ավելի շատ հակամարտությունը գնում է երրորդ կողմի վրա, այսինքն՝ ցույց տալ, թե ով է մեղավորը: Այստեղ հետաքրքիր զարգացումներ կան. դրսից լուրջ ներգրավվածություն կա: «Թվիթեր»-ում մի կողմից կարելի է տեսնել, որ պակիստանցիների ու թուրքերի մեծ բանակներ աջակցում են Ադրբեջանին, մյուս կողմից կարելի է տեսնել, որ հնդիկները, հույները, եզդիները լրջորեն աջակցում են հայերին:
«Թվիթեր»-ում քանակով ադրբեջանցիները շատ են, սա պետք է հաշվի առնել: Նրանք տարիներով են ձեւավորել այս համակարգը: Տավուշի դեպքերի ժամանակ էլ հետազոտություն էր արվել եւ նշվել էր, որ Ալիեւը ունի ֆեյքաբուծարան, որն օգտագործում է:
— Միջազգային մամուլն ինչպե՞ս է ներկայացնում իրավիճակը:
— Այս անգամ, ի տարբերություն Տավուշյանի, ակնհայտորեն հայկական կողմը սկսեց մեծ քանակի լուսանկարներ եւ տեսանյութեր տրամադրել միջազգային մամուլին՝ ինչը կարեւոր է: Տավուշյանի ժամանակ շուրջ մեկուկես օր միջազգային ամբողջ լրահոսը միայն ադրբեջանական կողմի տրամադրած նյութերն էր: Հիմա այդպես չէ, այնպես որ կարող ենք ֆիքսել, որ այդ դասը հաշվի է առնվել: Միջազգային մամուլը գլոբալ առումով դեռ նոր է փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Կորոնավիրուսը լրջորեն ազդում է, քանի որ տեղում լրագրողներ չկան եւ իրենք նստած հիմնվում են երկու կողմից տարածվող լուրերի վրա: Շատ լրագրողներ մտնում են «Թվիթեր», որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում: Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան:
— Հայկական հաքերային խմբերն ինչ-որ գործողություններ իրականացրե՞լ են:
— Շատ չմանրամասնելով մի օրինակ բերեմ. այնտեղի մի քանի լրատվականներում հայաստանյան հաքերները կարողացել են ապատեղեկատվություն տարածել, չեմ ասի ինչ, ինչպես եւ այլն, բայց ուզում եմ ասել, որ լինում են դեպքեր, երբ հաքերային գործողությունները չեն երեւում, բայց դրանց ազդեցությունը կարող է լինել շատ ավելի մեծ:
— Եթե համեմատենք Տավուշյան մարտերի ժամանակ մղվող տեղեկատվական պատերազմի հետ, ի՞նչ տարբերություններ կան:
— Կարծում եմ, հիմա մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է մի քանի պատճառով: Սա ինչ-որ առումով նման էր Ապրիլյանին, երբ ադրբեջանական կողմը փաստացի իրենց սոցցանցերը փակեցին: Լրատվությունն էլ է քիչ, եթե նկատել եք նրանց մոտ անընդհատ ինչ-որ հայտարարություններ են արվում՝ այս գրավեցինք, այն գրավեցինք, հասանք Բեռլին, Ռայխստագը մերն է, բայց գրեթե ոչ մի փաստ չկա: Ադրբեջանական ինչ-որ հատված հիմա տեղափոխվում է հայաստանյան լրատվական դաշտ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Երբ դու ամեն ինչ քո երկրում փակում ես մարդիկ սկսում են այլընտրանքային աղբյուրներ փնտրել ու դա այս պահին մեր օգտին է աշխատում: Չնայած սա կարող է երկար չտեւել:
Գլոբալ առումով հետաքրքիր պրոցեսներ են գնում: Թուրքիայի ներգրավվումը բերում է բավականին լուրջ իզոլացիայի: Թուրքիան արդեն հասցրել է բոլորին զզվեցնել ու եթե նկատել եք Սաուդյան Արաբիան մի քանի ժամ առաջ էմբարգո մտցրեց նրանց դեմ:
— Ռուսական հարթակներում իրավիճակն ինչպե՞ս է ներկայացվում:
— Ըստ էության, ռուսական մամուլն էլ լավ չի հասկանում իրավիճակը, քանի որ տեղում լրագրող չունեն: Ուղղակի 2 կողմի ասածները դնում են: Բայց մի հետաքրքիր բան կա. արդեն քանի օր է՝ հատկապես «Տելեգրամ»-ում ռուս փորձագետները անընդհատ աղաղակում են՝ Սիրիայից, Լիբիայից թուրքական գրոհայինների ներմուծման մասին: Շատ ակնհայտ հող են պատրաստում ինչ-որ լուրջ հնարավոր գործողությունների համար, քանի որ ակնհայտ երեւում է, որ ռուսներին շատ է նյարդայնացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եկել մտել է արդեն ռուսական սահմանին մոտ: Եթե «Տելեգրամ» ալիքները նայեք, որոնք ռազմական բնույթի են՝ հիմա հիմնականում հայկական կողմի կարծիքն են տալիս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտնեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Երեկ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: