Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ-ին հորդորել է դատապարտել ադրբեջանական ագրեսիան
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական Միությանը հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը հրապարակել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է: Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետ քայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաև պատժամիջոցների դիմելու հնարավորությունը, ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում»,- նշել է Կաստալդոն:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Եվրախորհրդարանի տարբեր պետությունների գործընկերների հետ միասին նամակ է ստորագրել ուղղված Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որով հայցել են գործադրել բոլոր ջանքերը կրակի անհապաղ դադարեցման համար և գործարկել կրակի հնարավոր խախտումների մոնիթորինգի համար պարտադիր մեխանիզմներ, որպես արդյունավետ երկխոսության գործընթացի համար անհրաժեշտ վստահությունը վերականգնելու միակ միջոց:
«Բազմակողմանիության և խաղաղության եվրոպական արժեքները պետք է գերակշռեն: Դատապարտելի է նաև նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը և սատարումը Բաքվին. լրագրողական աղբյուրները հայտնում են Սիրիայի հյուսիսից Թուրքիայի կողմից մոբիլիզացված հազարավոր ջիհադիստ գրոհայինների մասնակցության մասին: Եթե այս լուրը հաստատվի, ապա այս միջամտությունը որքան մտահոգիչ է, այդքան էլ անընդունելի: Պահանջում ենք տարածաշրջանային բոլոր դերակատարներին չօգտագործել այս հակամարտությունը որպես պատրվակ ՝ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Այս ողբերգությունում մենք չենք կարող լինել լոկ հանդիսատես. փոխարենը պետք է լինենք խաղաղարարներ և միջնորդ այս արյունալի հակամարտության մեջ, որը կրկին պայթել է ԵՄ սահմանների մոտ»,- եզրափակել է Կաստալդոն:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: