Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դեն Բիլզերյանը, համացանցում ունենալով 35 մլն հետևորդ, նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։
Բիլզերյանները 2018 թվականին, ամռանն այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել էին սահմանին կանգնած զինվորներին։
«Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, և ժողովուրդը մեկնում է սահման պատերազմելու»,- «USArmenia»-ի ուղիղ երթերում ասաց Փոլ Բիլզերյանը, որի նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից։
Փոլ Բիլզերյանը հույս հայտնեց, որ սահմանին կանգնած բոլոր զինվորները կհաղթահարեն ամեն ինչ և կպաշտպանեն իրենց տունը։
Ադամը նույնպես շատ մտահոգված է տեղի ունեցող իրադարձություններով։
«Արցախը շատ գեղեցիկ է, մենք ընտանիքով այցելել էինք 2 տարի առաջ։ Դա հիանալի ճամփորդություն էր և ես իրոք հաճույք էի ստանում։ Այժմ շատ մտահոգված եմ»,- ասաց Ադամ Բիլզերյանը։
Փոլ Բիլզերյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը, Դենը և Ադամը, Համահայկական հիմնադրամին ուղարկելու են 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։
Փոլ Բիլզերյանը հայտնեց, որ իր ընկերոջ հետ պատրաստվում էր հուլիսին այցելել Հայաստան, սակայն COVID-19-ը խանգարել է նրա պլաններին, սակայն, երբ կրկին հնարավոր լինի, ինքն անպայման կգա ՀՀ և իր հետ կբերի ընտանիքի անդամներին։
2018 թվականի օգոստոսի 27-ին Դեն և Ադամ Բիլզերյանները ստացել էին ՀՀ քաղաքացիություն։
Համահայկական հիմնադրամը դրանահավաք է նախաձեռնել Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար խորագրով։