Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։
«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», — այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, — «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։
Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
azatutyun.am