Զինծառայողներ են ներկայացվել շքանշանների 7 զինծառայողի շրջափակումից հանելու ու նրանց կյանքը փրկելու, դիրք հետ վերցնելու համար

shqanshanner

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը մասնակցել է մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Մայոր Հովհաննես Այվազյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար:

Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, հետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Ձեզ կհետաքրքրի...