Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

Zaxarova

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասներ ներկայացնելով Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցից:

«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում:

«Սպասվում է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ու կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է Մարիա Զախարովան:

Ձեզ կհետաքրքրի...