Մոսկովյան քննարկումների ֆոնին Ֆրանսիայում ԼՂ հակամարտության գոտու հրադադարի հույս են հայտնում

huyser

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ֆոնին Ֆրանսիայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շուտափույթ հրադադար կհաստատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցները:

«Ֆրանսպրես»-ը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախագահական պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կարող է հաստատվել հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան՝ թեև իրավիճակը տեղում «շարունակում է մնալ փխրուն»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ քննարկման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են

ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և զրուցակցին տեղեկացրել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Ձեզ կհետաքրքրի...