Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում Է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. Վաղարշակ Հարությունյան
Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ճնշման ներքո խափանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, հանրապետության նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ Բաքուն այդ կերպ փորձում Է բարձրացնել Անկարայի դերը հակամարտության կարգավորման հարցում:
«Արցախում ներկայումս ընթանում են կատաղի մարտեր, չնայած նրան, որ ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում ընդունվեց հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնություն: Դա նշանակում Է, որ Անկարան ամեն կերպ ճնշում Է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել Է նա: Հարությունյանի խոսքով՝ Անկարայի ճնշման ներքո Բաքվի կողմից ՌԴ միջնորդական առաքելության խափանման վկայությունն այն Է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել Է հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերի բարձրացման մասին:
«Պարզ Է դառնում, որ դա Անկարայի եւ Բաքվի մշակած համատեղ ռազմավարական քաղաքականությունն Է՝ նպատակամիտված ՌԴ-ի դերի նվազեցմանը եւ վերջին հաշվով լիակատար դուրսմղմանը Հարավային Կովկասից»,- հավելել Է նա: Ինչպես նշել Է Հայաստանի վարչապետի խորհրդականը, «այդ նպատակը կարող Է ձեռք բերվել սոսկ այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի, օգտագործելով ղարաբաղյան հարցը, չեզոքացնել Հայաստանին տարածաշրջանում»: