Սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում հարցնում են՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ
Արաբական Միացյալ Էմիրությունների The National պարբերականը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացի վարձկանների խնդրին: Թուրքիան Հյուսիսային Սիրիայից Լիբիա և Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկանների՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի համար կռվելու նպատակով:
Տնից հեռու և գործազրկության պայմաններում նրանցից շատերը համաձայնում են տարածաշրջան գալ փողի համար՝ մտածելով իրենց ընտանիքների մասին:
Պարբերականը ներկայացրել է վարձկաններից մեկի հեռախոսային խոսակցությունը: Երեք երեխայի հայր 24-ամյա Իբրահիմն ասել է, որ ադրբեջանական զորքերը պետք է կռվեին իրենց կողքին, մինչդեռ նրանք կիլոմետրերով հեռու են:
«Ռազմական ինքնաթիռները ուժեղ հարվածում են մեզ: Այնքան շատ տղաներ կորցրինք, չէի կարողանում հաշվել: Չգիտեմ, թե ինչ ենք այստեղ անում: Անգամ փողը պատճառ չէ, որ հայտնվես էս սարսափ ֆիլմում: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ այլևս չենք կարող այստեղից փախչել»,- պատմել է նա:
Խումբը մնացել է թուրքական անօդաչու թռչող սարքերի աջակցության հույսին: Իբրահիմը «Սուլթան Մուրադ» բրիգադի անդամ է: Թուրքամետ սիրիական զինված խմբավորման անդամները հիմնականում թուրքմեններ են:
Իբրահիմնը խոստովանել է, որ հակամարտությունը սկսվելուց երեք օր առաջ իրեն եռամսյա պայմանագիր են առաջարկել՝ ամսական 8000 թուրքական լիրայով (1300 դոլար):
«Մեզանից շատերը հրաժարվեցին, երբ տեսան, թե ինչ տեղի ունեցավ Լիբիայում Թուրքիայի միջամտությունից հետո: Բայց ես մտածում էի, որ կարող եմ գումար աշխատել, որպեսզի ձմռանը ընտանիքս դուրս բերեմ փախստականների ճամբարից»,- ասել է Իբրահիմը:
Գրանցվելուց հետո նա Կիլիս ռազմական սահմանակետից անցել է Թուրքիայի Գազիանթեփ, այնուհետև կոմերցիոն չվերթով Անկարայից հասել է Բաքու:
Ի դեպ, հեռախոսակապի ժամանակ WhatsApp-ի միջոցով բացահայտվել է Իբրահիմի գտնվելու վայրը: Նա եղել է մարտական գործողությունների առաջնագծում՝ Իրանի հետ սահմանին մոտ: