ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

Mnatsakanyan

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: 

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: 

Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:

Ձեզ կհետաքրքրի...