Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով. հայ համայնքը երթ է անցկացրել

San Francisco

Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ակցիայի մասնակիցներն աշխարհի զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու ու հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

Ձեզ կհետաքրքրի...