Եթե ԵԱՀԿ-ի կոչը հասցեական լիներ, Ադրբեջանը կզսպվեր. քաղաքագետը վստահ է՝ զինադադարը միայն դրսից չէ, որ կարող է պարտադրվել

qaxaqakanutyun

Երեկ, արդեն 2-րդ օրը Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին: 

«Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետեւանքներ թողնել տարածաշրջանի վրա, Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում»,- մասնավորապես նշվում էր հայտարարությունում եւ կողմերին կոչ արվում անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու այլ պահպանման տակ գտնվող անձանց փոխանակելու համար։

Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը լիովին իրագործելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին ՀՀ վարչապետին ու Իլհամ Ալիեւին ուղղված կոչից զատ այս հայտարարությունում ամենաուշագրավը հորդորն էր՝ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ հրատապ համաձայնության գալ։

Հանդիպման վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից հստակ երեւում էր, որ այդ մեխանիզմների ներդրումը պնդել է Մնացականյանը:

Հետաքննության մեխանիզմների ներդրման համաձայնությունը 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ Ադրբեջանը, սակայն, ամեն ինչ արեց այդ պայմանավորվածության կատարումը թույլ չտալու համար: Բանն այն է, որ այդ մեխանիզմների ներդրման արդյունքում կարող է բացահայտվել, թե որ կողմն է առաջինը խախտում հրադադարը:

Հետաքննության մեխանիզմների ներդրման մասին իր պնդումը Զոհրաբ Մնացականյանը հրապարակեց նաեւ թվիթերի միկրոբլոգում: «Մենք չպետք է մերժենք կրակի դադարեցումը պահպանելու ոչ մի հնարավորություն: Մենք պետք է շարունակենք վերիֆիկացիոն մեխանիզմներ ապահովել, ինչը մեզ օգնում է վերադարձնել կրակի դադարեցումը, վերադարձնել խաղաղությունը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ խաղաղ կարգավորման»,- գրել էր Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում մեկ ուշագրավ հանգամանք էլ կար. նրանք հղում էին անում ռուսական կողմի մասնակցությամբ տեղի ունեցած պայմանավորվածության վրա՝ դրանով իսկ ընդգծելով Ռուսաստանի առավելությունը այս հարցի կարգավորման մեջ:

Իսկ որ Ռուսաստանը վերջին օրերին ակտիվացրել է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով, դա ակնհայտ է: Երեկ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպել է նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը», — նշվում է ՌԴ ԱԽ պաշտոնական հաղորդագրությունում: Հաղորդվում է նաեւ, որ հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունների իրագործման շրջանակներում։

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի, ապա նաեւ թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ:

«Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար», — ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

ՌԴ ՊՆ հայտարարությունում ուշագրավ դրվագը այն էր, որ «նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար»։

Հետաքրքիր է, որ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել նաեւ Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղ ահաբեկիչներ տեղափոխելու մասին լուրերի վերաբերյալ։

Թուրքական կողմը երեկ հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չէր հայտնել:

Այս համատեքստում չափազանց ուշագրավ էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի երեկվա հայտարարությունը, թե Գրոզնիում հատուկ գործողության հետեւանքով սպանվել են արտասահմանից եկած չորս ահաբեկիչներ։ «Ողջ այս ընթացքում նրանք փախուստի մեջ էին եւ թաքնվում էին Սիրիայում, ինչպես նաեւ այլ տարածքներում։ Հիմա, սակայն, արեւմուտքից պատվեր էին ստացել եւ վերադարձել Չեչնիա՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- Telegram-ում գրել էր Կադիրովը։ Սա ըստ էության ոչ այլ ինչ էր, քան տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելու մասին Հայաստանի կողմից շաբաթներ շարունակ հնչեցվող մտահոգություն-ահազանգի հաստատում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, օրինակ, այս համատեքստում Կադիրովի այդ հայտարարությունը պատահականություն չի համարում: Քաղաքագետը պատասխանել է այդ եւ մի շարք այլ իրողությունների վերաբերյալ ՀԺ-ի հարցերին:

— Պարոն Գրիգորյան, համանախագահների հայտարարությունը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ կողմերի վրա, թե՞ կրկին չափազանց չեզոք է ստացվել:

— Հասկանալի է, որ համանախագահները միջնորդ են եւ փորձում են չեզոք հայտարարություններ անել, բայց համոզված չեմ, որ դա մեծ ազդեցություն կունենա: Ինչու, քանի որ հասցեական չէ: Եթե հայտարարությունը հասցեական լինի, այն կողմը, որը շարունակում է ռազմական գործողությունները՝ այսինքն Ադրբեջանը, միգուցե զսպվի: Բայց եթե մեզ էլ են դիմում, Ադրբեջանին էլ, իրենք ամեն օր սկսում են մեզ ռմբակոծել, պարզ է, որ դա այդքան մեծ ազդեցություն չի ունենալու:

— Այդ հայտարարությունում խոսվում է հրադադարի խախտումները ստուգող մեխանիզմերի մասին: Այս առումով հնարավո՞ր է առաջընթաց գրանցվի:

— Կարեւոր է, որ հայտարարության մեջ ընդգծվել է ոչ միայն կրակի դադարեցման, այլեւ դիերի ու գերիների փոխանակման անհրաժեշտությունը: Բայց նաեւ կողմերը պետք է նստեն ու համաձայնեցնեն այն մեխանիզմները, որոնք կֆիքսեն՝ ով է զինադադարը խախտել: Թե չէ հիմա Ադրբեջանը խախտում է, դիմում են մեզ, մենք ինչո՞վ կարող ենք օգնել:

— Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՌԴ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը: Ի՞նչ լիազորությունների մասին էր ակնարկում Շոյգուն:

— Դուք գիտեք, որ ՌԴ ՊՆ-ն ունի պաշտոնական մակարդակի պայմանագրեր ու պայմանավորվածություններ մեր ՊՆ-ի հետ: Այդ ամենը գաղտնիք չէ, շատ լեգալ բնույթ ունի: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՌԴ-ն այստեղ ռազմաբազա ունի, ունի ազդեցություն եւ հնարավորություն մեզ աջակցելու: Մյուս կողմից, նրանք աշխատում են նաեւ Ադրբեջանի հետ, ուրեմն նրանց ազդեցությունը այնտեղ էլ կա: Օրինակ, կարող են Ադրբեջանին ասել՝ եթե պատերազմը չդադարեցնեք, մենք կդադարեցնենք համագործակցությունը ռազմական ոլորտում: Կամ կդադարեցնենք ժամանակակից զենք վաճառել: Օրինակ եմ ասում: Սրանք են այն լծակները, որոնց միջոցով հնարավոր է ազդել Ադրբեջանի վրա:

— Մեկ այլ ուշագրավ հանգամանք կար ՌԴ ՊՆ-ի հայտարարությունում. Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ խոսել է նաեւ վարձկան ահաբեկիչների մասին:

— Այո, դա իրոք կարեւոր հանգամանք է, քանի որ եթե հաստատվեց, որ Թուրքիան մեր տարածաշրջան ահաբեկիչներ է ուղարկում, դա Ռուսաստանը կընկալի որպես իր սահմանների նկատմամբ եւս վտանգ եւ հակաահաբեկչական գործողություն կիրականացնի:

— Կադիրովի այսօրվա (երեկվա) հայտարարությունը չէ՞ր խոսում այն մասին, որ կան ահաբեկիչներ:

— Այս ֆոնին Կադիրովի հայտարարությունը առնվազն պատահականություն չէ: Դա նշանակում է, որ այդ վտանգը իրենց հասավ:

— Ամեն դեպքում ձեր կանխատեսմամբ ՌԴ կամ Մինսկի խմբի քայլերը կտանե՞ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խաղաղության հաստատման:

— Եթե մենք մնանք համախմբված, եթե բոլոր քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների այս համախմբվածությունը մնա, եթե բանակում այդ դուխը պահպանվի, եթե այս պայքարը, որը սփյուռքահայությունը տանում է՝ շարունակվի, եթե Հայաստանի եւ Արցախի հասարակության ակտիվ գործունեությունը միջազգային հարթակներում պահպանվի, զինադադարը մոտ օրերս կլինի: Պետք չէ մտածել, որ զինադադարը կապված է միայն դրսի գործոններից՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ճնշումից: Մեր համախմբվածությունը շատ հստակ երեւում է մարտի դաշտում, ուստի այնտեղից է կախված՝ Ադրբեջանը երբ կկանգնի:

նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 14-ի համարում

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...