Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին

Arabia

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին.

Հարց- Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյո՞ք մենք ականատեսն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում:

-Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: Դա մի գեղեցիկ լեռնային տարածք է, որտեղ հայերը, որպես բնիկներ, ապրել են հազարավոր տարիներ և այսօր էլ շարունակում են ապրել: Միայն խորհրդային իշխանության տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ստալինի կողմից մոտ 70 տարով տրվեց Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ առաջին պատերազմը, որին հաջորդեցին բանակցությունները՝ շուրջ 30 տարի: Ադրբեջանական կողմն ասում է, որ իրենք լեգիտիմ իրավունք ունեն ազատագրել այդ տարածքները: Բայց ազատագրել ումի՞ց: Այնտեղ 100 տոկոսով բնակվում են էթնիկ հայեր, ովքեր մշտապես բնակվել են այդտեղ: Ինչո՞ւ նրանք պետք է լքեն իրենց տունը միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն ուզում է դա: Սա կոչվում է ագրեսիա, որին հաջորդում է էթնիկական զտում: Նրանց այդ տարածքները պետք են առանց հայերի: Ադրբեջանական կողմի համար այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը և սեփական ագրեսիան արդարացնելն ինքնության կառուցման պատմության մի մասն է, մինչդեռ հայկական կողմի համար դա պայքար է կյանքի, մշակութային ժառանգության, պատմական հիշողության համար: Դա պայքար է իրենց տան, ծնողների և երեխաների համար, ովքեր բնակվում են այդտեղ և այժմ դարձել են ուղիղ թիրախ թուրքական ԱԹՍ-ների և ադրբեջանական հրթիռների համար:

Ադրբեջանն սանձազերձել է լայնամասշտաբ այս պատերազմը՝ ի հեճուկս 1994 թվականին հաստատված զինադադարի մասին հստակ համաձայնագրի: Սա իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան երկար ու լուրջ պատրաստվել են: Ադրբեջանական կողմը ցանկանում է վերացնել ստատուս քվոն և պարտադրել իր կամքը: Իսկ Թուրքիան ռազմական ու քաղաքական առումներով աջակցում է Ադրբեջանի այս վտանգավոր նախաձեռնությանը՝ տարածաշրջանում հանգեցնելով մարդկային աղետի: Մենք՝ հայերս, երբեք ներգրավված չենք եղել էներգետիկ ենթակառուցվածքի համար պայքարի մեջ: Ընդհակառակը, եղել են նույնիսկ որոշ քննարկումներ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասով, ինչպես որ արվում էր Իրանի և Վրաստանի պարագայում: Ինչ վերաբերում է պրոքսի պատերազմի մասին Ձեր հարցին, կարող եմ ասել, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին տարածաշրջանում իր գերիշխանությունն ավելացնելու համար: Սակայն այդպիսով այն վտանգում է Հարավային Կովկասի փխրուն կայունությունը:

Հարց- Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, չե՞ք վախենում, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կստեղծի նոր «Սիրիա»:

-Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի: Իսկ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դրանից կտուժեն բոլորը: Հետևաբար, եթե Թուրքիային չստիպեն դադարեցնել իր ուղղակի միջամտությունը ռազմական հարձակողական գործողություններին, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք պետք է թույլ չտանք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ուժգնացնելու և ավելի խճճելու իրավիճակը՝ ստեղծելով մի իրադրություն, որն ի վերջո Կովկասը կվերածի մեկ այլ Սիրիայի: Թուրքիան մշտապես վարձում և Ադրբեջան է ուղարկում վարձկաններ և մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ենք ասում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ: Տարբեր երկրներ պետք է միջամտեն և ուժեղ ու հստակ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս միջամտությունը: Եթե Թուրքիան հեռու մնա, մենք հնարավորություն կստանանք ունենալու արդյունավետ հրադադար և բանակցություններ, ինչպես նաև հավանականություն՝ վերադառնալու բանակցային սեղանին:

Թուրքիայի նման ներգրավվածությունը և ադրբեջանական ագրեսիան, որը չդադարեց անգամ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերի ու հայերի բարեկամների համար ընկալվում է այնպես, որ Թուրքիան ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 105 տարի առաջ, այն է՝ հայերի էթնիկական զտում իրենց հայրենիքից՝ նպատակ ունենալով իրականացնել մեկ այլ ցեղասպանություն: Մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, երբեք թույլ չենք տա, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա: Այլևս երբեք:

Հարց- Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայ կամավորները, մասնավորապես Սիրիայից և Լիբանանից, միանում են կռիվներին: Դա ճի՞շտ է: Չե՞ք վախենում, որ սա կարող է մեծացնել հակամարտության կրոնական մասշտաբները:

-Օսմանյան կայսրության կողմից իրականացված և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից երբեք չճանաչված Հայոց Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով և դարձան այնպիսի երկրների հպարտ քաղաքացիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Արգենտինան, Լիբանանը, Ավստրալիան, Սիրիան, Վրաստանը, Սինգապուրը, Լեհաստանը և այլն: Նրանք արդյունավետ կերպով ինտեգրվեցին իրենց համար տուն դարձած երկրներում և հասարակություններում և դարձան համեստ ու օրինապաշտ քաղաքացիներ՝ իրենց ներդրումը բերելով հյուրընկալող երկրի տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, սպորտին, գիտությանը, տեխնոլոգիաներին, կրթությանը և այլ բնագավառներին: Երբ կա գոյութենական սպառնալիք, ողջ աշխարհի հայերը մոբիլիզացվում են, անգամ գալիս են իրենց Հայրենիք՝ տեղում օգնելու իրենց եղբայրներին և քույրերին: Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու և այդպիսով՝ խաղաղության հասնելու գործընթացն ավելի բարդացնելու համար: Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնեցնի այս ընթացքը: Անընդունելի է 21-րդ դարում վարձկանների գոյությունը, ում վճարում են քաղաքացիական անձանց սպանելու կամ հումանիտար աղետ ստեղծելու համար:

Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, հայերը երբեք այլ կրոնների հանդեպ վատ վերաբերմունք կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել: Այս հակամարտության համատեքստում կրոնական գործոնն ուղղակի բացակայում է հենց ամենասկզբից: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք ունեն բոլոր կրոնների ու հավատալիքների հանդեպ և մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր հանձնառությունը մարդկային արժեքներին, այդ թվում և հանդուրժողականությունն ու հարգանքն այլ կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ և այլն: Չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն տածի այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, որպես աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունած երկիր: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանումների, անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կրոնական կույր մոլեռանդ, ինչպիսին մենք տեսնում ենք մեր դեմ ադրբեջանական կողմում կռվողների մեջ: Սակայն դուք մշտապես կգտնենք մարդկանց, ովքեր ցանկանում են բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ, և նրանք կասեն, որ այստեղ կա կրոնական գործոն, ինչն անհեթեթություն է:

Հարց- Ձեզ բավարարու՞մ է արաբական Ծոցի երկրների դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ:

-Առաջին իսկ օրվանից, երբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական կողմն աննախադեպ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ես կապի մեջ եմ եղել արաբական երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Օմանի սուլթանը, Բահրեյնի թագավորը, Կատարի էմիրը, Եգիպտոսի նախագահը, Հորդանանի թագավորը, Աբու Դաբիի թագաժառանգը և այլն:

Նրանց ուղղված իմ նամակներում, ինչպես նաև հեռախոսազանգերի ընթացքում ես խորը մտահոգություն եմ հայտնել պարուրաձև զարգացող այս իրավիճակի մասով՝ նշելով, որ ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հրահրված նման իրադարձային պատերազմներն Արցախի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ նորություն չեն, և որ արդեն ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձեր է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ հայերին դուրս քշելով իրենց հայրենիքից, ինչն անընդունելի է:

Հարց- Ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար: Ինչպիսի՞ն եք պատկերացնում քաղաքական լուծումը:

-Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը, վայելելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը, նման սարսափելի հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ օգտագործելով հրետանային և հրթիռային զինտեխնիկայի լայն տեսականին, այդ թվում՝ արգելված կլաստերային ռումբեր` թիրախավորելով բնակելի տարածքները, որոնք գտնվում են շփման գծից շատ հեռու:

Հատկանշական է, որ այս հակամարտության ուղիները գծվել են 1990-1991 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ բողոքներին ի պատասխան՝ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանը փորձեց դաժան ռազմական ուժի կիրառմամբ իրականացնել զանգվածային էթնիկական զտումներ և շարունակեց իր վայրագությունները՝ բռնի կերպով դուրս քշելով հայ բնակչությանը: Սակայն հայ ժողովուրդը դիմակայեց այդ պարտադրված պատերազմին և նվաճեց 26 տարվա անկախ և խաղաղ կյանքի իրավունք իր սեփական հայրենիքում՝ ընթացող բանակցությունների տևական գործընթացի պայմաններում:

Այսօր ևս թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիան, որին բախվում ենք մենք, ի ցույց է դնում վերջիններիս ցեղասպան մտադրությունները՝ հայերին կրկին պարտադրելով պայքարել սեփական տան, ընտանիքի, հազարամյա պատմության և հուշարձանների համար: Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է: Այս հարցի քաղաքական լուծումը պարզ է՝ հնարավոր ցեղասպանությունը և այս մարդկանց բռնի տեղահանությունը կանխելու միակ միջոցը նրանց ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելն է:

Հարց- Լավատե՞ս եք արդյոք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջիկա հանդիպումների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, միջազգային միջամտությունը կօգնի՞, թե՞ կբարդացնի իրավիճակը:

-Միջազգային միջնորդությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, խաղաղ կարգավորման հասնելու հիմնական հարթակներից է, սակայն այդ փխրուն խաղաղությունը բացահայտորեն խաթարվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 27-ին ապակայունացնելով կովկասյան տարածաշրջանը և հայերի դեմ կռվելու համար այստեղ տեղափոխելով վարձկաններին ու ջիհադիստներին:

Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ բռնությունը անմիջապես դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ անտեսվել են ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև, նախևառաջ, Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից, ով պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հրահրելու և դրանում ռազմական մասնակցություն ունենալու համար: Ուստի, միակ միջազգային միջամտությունը Թուրքիայինն է, որը ոչ միայն բարդացրեց իրավիճակը, այլև դարձավ հայ բնակչության գոյության համար իրական սպառնալիք և կտրուկ ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը: Այստեղ հատկանշական է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին բոլոր պարագաներում՝ դրանով հաստատելով այս պատերազմին Թուրքիայի ռազմական ներգրավվածության փաստը:

Այս փաստը պետք է լուրջ մտահոգության առիթ տա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, քանի որ վերջիններիս դաշնակիցը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող գործընկեր երկրի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է: Այս առումով, միջազգային շահագրգիռ կողմերը, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկարաժամկետ խաղաղությամբ կամ հակամարտության լուծմամբ, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ, պետք է այնպես անեն, որ Թուրքիան զերծ մնա միջամտելուց, և ստիպեն Անկարային և Բաքվին հաշվետու լինել և պատասխանատվություն ստանձնել այս սարսափելի պատերազմը հրահրելու համար:

Հարց- Հայաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ F16-ի օգտագործման, ինչպես նաև Իսրայելին՝ Բաքու զենքի մատակարարման հետ կապված, իսկ Ռուսաստանը շատ զգույշ է ձեզ աջակցություն ցուցաբերելու հարցում: Մտահոգվա՞ծ չեք, որ Հայաստանը միայնակ կմնա:

-Այս պատերազմում թուրքական F-16-ի օգտագործման հետ կապված հարցը բարձրացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ պարզաբանի, թե արդյո՞ք այդ կործանիչներն ուղարկվել են Թուրքիա՝ հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Այս հարցն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շահագործում է F-16-երը: Եվ ՆԱՏՕ-ի իմ որոշ գործընկերներին ես խնդրեցի չափազանց մեծ ուշադրություն դարձնել այս փաստի վրա, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամը, որն ունի գործողությունների հստակ մանդատ, մասնակցում կամ ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Արդյո՞ք Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե այո, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ թույլ չտալով, որ վերջինս խառնվի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունը ոչնչով չի օգնում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է սրում:

Իսրայելի կողմից Ադրբեջանին շարունակական զենք վաճառելու հարցը երկար պատմություն ունի, որը շարունակում է անհասկանալի մնալ հայ հասարակության համար: Նույնիսկ հիմա, երբ հայերի հանդեպ իրականացվում է թուրք-ադրբեջանական ագրեսիա, Իսրայելի կառավարությունը շարունակում է զինել ագրեսորին, ինչը հայկական կողմի համար անհասկանալի և անընդունելի է: Հայկական կողմը պարզ հարց է բարձրացնում. ինչո՞ւ է հրեական պետությունը, որն ինքը ևս ցեղասպանություն վերապրած երկիր է, զինում Հայաստանի դեմ ցեղասպան պատերազմ մղողներին: Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ գտնվում ենք ճշմարտության կողմում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը հանձնառու է եղել և կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին՝ որպես Հայաստանի երկկողմ և բազմակողմ անվտանգության պայմանագրային դաշնակից՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում:

Ձեզ կհետաքրքրի...