Արցախի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ՝ կա հիասթափություն. Դավիթ Բաբայան
Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։
Նա կարևորեց, որ երրորդ անգամ հրադադարի հաստատման գործընթացում միջնորդական ջանքեր էր ներդրել ԱՄՆ-ը, և կարգավորման մասին հատուկ շեշտադրում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Բաբայանի պնդմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թրամփի նման հայտարարությունը չհարգելը մեծ հարված կլինի ԱՄՆ նախագահին նախագահական ընտրությունների նախաշեմին։
Խոսելով Արցախում քաղաքացիների տրամադրությունից՝ Բաբայանն ընդգծեց տեղի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ։
«Կա հիասթափություն, որ աշխարհն ակտիվ չէ, միևնույն ժամանակ կա ոգևորվածություն՝ մեր բանակի, մեր ժողովրդի, մեր բարեկամ երկրների պահվածքից»,-նշեց նա։