Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից

Bayraktar

Թուրքական քարոզչության կողմից  «տեղական»  ու  «անորսալի»  հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին քննարկումները հատկապես ակտիվացել են Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման ֆոնին:

Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա:

Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar Makina» ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ը բավականին տպավորիչ մարտավարատեխնիկական բնութագիր ունի: Այս ԱԹՍ-ների մասին թուրքական քարոզչության սեփական հանրությանը փորձում է համոզել, որ դրանք ամբողջության արտադրաված են Թուրքիայում «ազգային ու տեղական» միջոցներով։ Սակայն  իրականում այս սարքերը այնքան էլ տեղական չեն, քանի որ դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են օրինակ շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:

Այսպես օրինակ.

Շարժիչ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված է ավստրիական հայտնի Rotax ընկերության (ամբողջական անվանումը՝ Bombardier-Rotax GmbH. գտնվում է կանադական Bombardier ընկերությունների խմբի կազմում), «Rotax 912» 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ:

Հոկտեմբերի 23-ին կանադական ընկերության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մարթին Լանգելիեն հայտնել է, որ կասեցնում է շարժիչների արտահանումը այն երկրները, որոնք կիրառում են անհայտ նպատակներով։

Նա նշել է, որ ավստրիական «Rotax»-ի շարժիչները նախագծվել և արտադրվում են միմիայն քաղաքացիական նպատակներով։ Նրա հավաստմամբ՝ ընկերությունը վերջերս է տեղեկացել, որ իրենց արտադրության շարժիչները օգտագործվում են ռազմական նշանակության ԱԹՍ-ների համար։

Ուշագրավ է, որ Baykar ընկերության պաշտոնական կայքում TB2 ԱԹՍ-ի վերաբերյալ ներկայացված տեխնիկական բնութագրի մեջ նշված չէ այս փաստը (համապատասխան դաշտում ընդամենը գրված է 100 ձիաուժանոց ներքին այրման շարժիչ): Փոխարենն այս փաստն արձանագրված է Wikipedia առցանց հանրագիտարանում TB2-ի մասին պատմող անգլերեն և թուրքերեն հոդվածում, defenceturk.net մասնագիտացված կայքում և այլուր:

Այս համատեքստում պետք է նշել, սակայն, որ Թուրքիայում վերջին տարիներին գործուն քայլեր են արվել ԱԹՍ-ների համար ուժային ագրեգատ ստեղծելու ուղղությամբ և Թուրքիայի օդատիեզերական ընկերության կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչը արդեն հաջողությամբ անցել է փորձարկումները և պատրաստ է սերիական արտադրության: Սակայն 170 ձիաուժանոց այս շարժիչները չափազանց ծանր են Bayraktar TB2-ի համար, և նպատակահարմար չեն դրանց վրա տեղադրելու համար: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Ի. Դեմիրը հայտարարել է, որ PD170 շարժիչները կարող են օգտագործվել «Baykar» ընկերության կողմից նախագծված ու դեռևս փորձարկման փուլում գտնվող «Bayraktar Akıncı» անվանումով ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի վրա: Իսկ մինչ այդ Akıncı-ի շարժիչները ներմուծվում են Ուկրաինայից:

Տեսախցիկներ (ներառում են նաև լազերային նշանառության համակարգեր)

«Bayraktar TB2» և Baykar Makinası-ի այլ ԱԹՍ մոդելների համար հիմնականում կիրառվում է կանադական արտադրության L-3 WESCAM CMX-15D տեսախցիկը, որը ներառում է  լազերային նշանառության համակարգերը։

Վերջին օրերին Կանադայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ, այդ երկրի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին և կասեցրեցին Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հարկավոր է արձանագրել նաև, որ այս էմբարգոների արդյունքում թուրքական կողմը արագացրել է սեփական նմանատիպ տեխնոլոգիաների մշակումը։ Թուրքական ռազմական արդյունաբերական ASELSAN ընկերությունը մշակում է CATS էլեկտրօպտիկական հետախուզության, հսկողության և թիրախավորման համակարգը, որը դեռևս պահանջված որակը չի կարողացել ապահովել։ Արդյունքում թուրքական ԱԹՍ-ների արտարդույթունը մեծապես կախված է կանադական տեխնոլոգիաններից։

Մարտագլխիկներ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված են թուրքական Roketsan ընկերության կողմից արտադրված հակատանկային գերճշգրիտ MAM-L  և օդ-ցամաք MAM-C հրթիռները։ MAM-L ստեղծվել է նույն Roketsan-ի մեկ այլ արտադրանքի` UMTAS-ի հիման վրա։

Ըստ որոշ աղբյուրների`Roketsan-ի OMTAS և UMTAS հրթիռները գերմանական TDW ընեկրության հետ համատեղ արտադրության արդյունք են։ Այլ աղբյուրներ առաջ են քաշում այն վարկածը, որ գերմանական կազմակերպությունը մշակել է մարտագլխիկները, իսկ դրանց արտոնագիրը վաճառել է Թուրքիային։ Մասնագիտացված Defenceturk ևս հաստատել է, որ մարտագլխիկները արտադվում են գերմանական TDW ընկերության կողմից։
Արբանյակային կապի համակարգեր

TB2-ի արբանյակային կապի համակարգերը նույնպես ներմուծվում են արտասահմանից, մասնավորապես ԱՄՆ-ից: Համակարգերը մատակակրարող ամերիկյան Viasat ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա մատակարարումները, այն բանից հետո, երբ ամերիկահայությունը 2 օր շարունակ խաղաղ ցույց է անցկացրել ընկերության գրասենյակի առջև: Հայ ցուցարարների հետ հանդիպած «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանը նշել է, որ ընկերությունում տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակներով է Թուրքիան իրենց տեխնոլոգիաներն օգտագործում ու խոստացել, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։

Հարկ է նշել սակայն, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել նաև արբանյակային կապի համակարգի նախագծուման ուղղությամբ: Մասնավորապես թուրքական ռազմաարդյունաբերության «Aselsan» ընկերությունը արդեն ավարտին է հասցրել համակարգի մշակումը: Սպասվում է, որ որոշ ժամանակ հետո այս ուղղությամբ TB2-ների կախվածությունը դրսի շուկայից կհաղթահարվի:
Նավիգացիոն ընդունիչներ

Վերջին օրերին Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված Bayraktar TB2-ի մի շարք լուսանկարների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ այս ԱԹՍ-ի համար Նավիգացիոն ընդունիչներ է մատակարարում նավիգացիոն սարքերի ոլորտում առաջատար արտադրողներից մեկը հանդիսացող ամերիկյան GARMIN  ընկերությունը (տեղակայման վայրը՝ Դայմոնդ Բար, Կալիֆորնիա): Bayraktar TB2 ԱԹՍ-ի համար օգտագործվում է GARMIN ընկերության GNC 255A մոդելը, որի գինը 4495 ԱՄՆ դոլար է։

Կցորդիչ

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ-ի խոցված ԱԹՍ-ի նկարներից մեկում երևում է նաեւ ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած հինգկոճականի կցորդիչը։

Մեկ այլ լուսանկարում երևում է ԱԹՍ-ի ռադիատորը և վառելիքի բաքի մի մասը էլեկտրալարերի մի մասի հետ միասին:
Ներքևում ՝ կապույտով, վառելիքի պոմպի մի մասն է արտադրված բրիտանական «Andair Precision Aircraft Components» ընկերության կողմից, իսկ ձախից՝ կարմիր գույնով, «Beringer Aero» բրիտանա-ամերիկյան ընկերության արտադրած արգելակման համակարգի սկավառակի արգելակային մխոց:

ԱԹՍ-ի կառավարման վահանակի նկարում գիրոսկոպը ԱՄՆ արտադրության Northrop Grumman LN-200 IMU- ն է, որը նույնպես հայտնի է դարձել վերջերս: Սա հատկապես կարևոր է, քանի որ դա այն սարքն է, որի վրա հիմնված է ինքնաթիռի կառավարվող թռիչքը:


Ամփոփելով պետք է նշենք, որ իր դասի մեջ բավականին լավ պարամետրեր ունեցող թուրքական ԱԹՍ-ների ամենակարևոր բաղադրմասերից շատերը ներմուծվում են արտասահմանից: Առանց այս առաջատար տեխնոլոգիաների մատակարարման Bayraktar TB2-ը նվազագույնը կկորցնի իր մարտավարատեխնիկական բնութագրում առկա պարամետրերի մեծագույն մասը, իսկ առավելագույնը կարող է կասեցվել դրանց հետագա արտադրությունը: Կանադական գերժամանակակից տեսախցիկների նախորդ էմբարգոն արդեն իսկ գործնական դաշտում ցույց է տվել դրանց կարևորությունը արտադրության հետագա շարունակության համար:

Այսպիսով պետք է արձանագրենք, որ կանադական տեսախցիկների ու ամերիկյան արբանյակային կապի համակարգերի, ինչպես նաև ավստրիական շարժիչների մատակարարումն արդեն իսկ կասեցված է կամ կասեցման փուլում է։ Հոդվածում  նշվածներին դեռ միայն ամերիկյան GARMIN  և գերմանական TDW ընկերությունների մատակարարումները խոչընդոտելու ուղղությամբ դեռևս կատարվելիք  աշխատանքի մեծ դաշտ կա:

Հեղինակ`   Անահիտ Վեզիրյան, Ռաֆայել Սահակյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...