Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR
Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:
«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետեւել թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ:
Թուրքիան դժվարություններ ունի Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով. գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը:
Կենտրոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, որոնցից 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից: