Փաշինյանն Իսրայելին խորհուրդ է տվել առաջարկած «հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելին խորհուրդ է տվել Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Jerusalem Post-ը, որը ՀՀ վարչապետի հետ զրույցից ընդարձակ հոդված է հրապարակել՝ նշելով, որ երբ Հայաստանն Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին նախագահ Ռեուվեն Ռիվլինը զանգահարել է ՀՀ իր գործընկերոջն ու մարդասիրական օգնություն առաջարկել:
Թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել է՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել է. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:
Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ Հայաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով երկիրը բազմիցս իր իսրայելական գործընկերներին հայտնել է դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, Հայաստանի համար անընդունելի է այս գործելաոճը, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ն հոկտեմբերի 1-ին հետ է կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին: