Զելենսկին պատասխանել է Սարիկ Անդրեասյանի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու վերաբերյալ բաց նամակին

Zelenski

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ռուսաստանում բնակվող հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի բաց նամակին, որում հեղինակը Կիևին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում մարտերի համար ֆոսֆորային ռումբերն ադրբեջանական կողմին մատակակարելու համար:

Զելենսկին, մասնավորապես, գրել է․ «Հասկանում եմ, Սարիկ, որ իսկապես ցավալի է։ Սասափելի է, երբ սեփական աչքերով ես տեսնում՝ ինչ է իսկական պատերազմը։ Պետք չէ ստանձնել ուրիշի ֆեյքերի կրիչի դերը: Հասկանում եմ՝ ինչ և ինչու է անում ռուսական քարոզչությունը։ Բայց քեզ բացարձակապես չեմ հասկանում, քանի որ Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ որևէ ֆոսֆորային ռումբ չի մատակարարաել։ Առհասարակ»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «նման լցոնումներ առաջին անգամը չէ, որ հայտնվում են»։

«Սկզբում այդպիսի ստեր էին տարածում Ուկրաինայի և Դոնբասի պատերազմի մասին։ Հետո Ուկրաինայի և Սիրիայի պատերազմի մասին, այժմ էլ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի համատեքստում։ Եվ բոլորի հեղինակը միևնույն մարդիկ են։ Միթե չե՞ս հասկանում՝ ինչու են այդպես անում։ Ուստի, նախքան Ուկրաինայի մասին ինչ-որ բան ասելը, ճշմարտացիորեն պատասխանիր մի պարզ հարցի՝ ո՞ւմ է ձեռնտու պատերազմների և Ուկրաինայի մասին ստելը։ Ճիշտն ասած, ես անձամբ ցավում եմ, որ դու՝ մարդ, ում առջև ես բացել եմ իմ տան դուռը, և ով շատ լավ գիտի իմ ներաշխարհը և իմ արժեքները, այդքան հեշտորեն դարձել է ուրիշի քարոզչությանը զոհը։ Չէի՞ր կարող ինձ անձամբ հարցնել»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին Անդրեասյանին ուղղված նամակում նշել է, որ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի հակամարտության և չի աջակցում էսկալացիային, չի սնում առճակատումը։

«Հենց այն պատճառով, որ ինքներս յոթերորդ տարին շատ դաժան պատերազմ ենք ապրում։ Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ռազմական թեմաներով սադրանքներին։ Դրա հաստատումն է խաղաղության մեր ձգտումը»,- գրել է նա։

Զելենսկին գրել է, որ իրենց քաջ հայտնի է՝ «ովքեր են նման թյուր լուրերի հեղինակները և այդ ամենի նկատմամբ արդեն իմունիտետ են ձեռք բերել»։

«Ես համոզված եմ, որ բոլոր նկարիչների, մշակույթի բոլոր գործիչների խնդիրն է օգնել ապաէսկալացմանը, հանգցնել ագրեսիվ հույզերը, հակասություններ չհրահրել և առավել ևս՝ կեղծ լուրեր չտարածել։ Երբ արվեստագետները խոսում են, թնդանոթները պետք է լռեն, այդպես չէ՞»,- գրել է նա՝ հավելելով, որ «Ուկրաինայում մեծ հայկական համայնք է ապրում, որը ուկրաինական հասարակության օրգանական մասն է»։ Զելենսկին ընդգծել է, որ այդ փաստն իրենց համար չափազանց կարևոր է:

«Եվ, այնուամենայնիվ, քեզ մի հարց ունեմ, Սարիկ, որը հենց հիմա կարելի է տալ։ Հեշտ հարց չէ, քանի որ խոսքը արժեքների, մարդկային նորմալության, անկեղծության մասին է։ Որտե՞ղ էիր, երբ պատերազմը ներխուժեց Ուկրաինա և զոհվում էին մեր երեխաները։ Երբ զոհվում էին Ուկրաինայի հայազգի քաղաքացիները, որոնք մեկը չէին, այլ տասնյակները։ Ի՞նչ ես ասել այդ ժամանակ ագրեսիայի դեմ։ Ոչի՞նչ։ Հասկանում եմ։ Քանի որ դա ձեր պատերազմը չէր։ Իսկ այսօր պատերազմը սարսափազդու է, որովհետև այդ սարսափը եկավ նաև քո տուն։ Անձամբ ինձ համար ամեն ինչ հստակ է և պարզ. ես միշտ կողմ եմ արդար աշխարհին։ Եվ Ուկրաինան չի աջակցում որևէ մեկին զենքի մատակարարումներին։ Ի տարբերություն այլ հայտնի երկրի, որը զենք է մատակարարում բոլորին։ Քանի որ պատերազմն իր համար հաց ու արյուն է»,- գրել է Զելենսկին։

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...