Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը
Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը:
«Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: