Ռուստամ Մուրադով․ ինչ է հայտնի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի մասին. Hetq am

Arcakh

 Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարը լինելու է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Հաշվի առնելով նրա անուն-ազգանունն ու ծննդավայրը՝ Մուրադովի նշանակումը անհանգստություն առաջացրեց սոցցանցերի հայկական տիրույթուում, իսկ ադրբեջանական տիրույթում՝ ոգևորություն, քանի որ շրջանառվում էր կեղծ թեզ, թե իբր Ռուստամ Մուրադովը ազգությամբ ադրբեջանցի է։

Արմատները և ռազմական կրթությունը

Ռուստամ Մուրադովը ծնվել է 1973թ․ մարի 21-ին Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, որի բնակչության հիմնական մասը իսկապես ադրբեջանցիներ են։ Սակայն Մուրադովը ազգությամբ թաբասարան է։ Թաբասարանները հյուսիսային կովկասի բնիկ ժողովուրդներից մեկն են։ Խոսում են թաբասարաներենով, որը Դաղստանի Հանրապետության պետական լեզուներից մեկն է և պատկանում է դաղստանյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին։

Նախնական ռազմական կրթությունը ստացել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանում։ Զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ Գերազանցությամբ 1995թ․ ավարտել է նաև Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան։ 2015 թվականին էլ ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ 

Մարտական ուղին

Ռուստամ Մուրադովը մասնակցել է չեչենական երկու պատերազմներին։ 1996 թվականին լինելով հետախուզական վաշտի հրամանատար՝ մասնակցել է Չեչնիայի Ցենտարոյ գյուղի գրավման օպերացիային, ինչի համար պարգևատրվել է Արիության առաջին մեդալով։ Արիության երկրորդ մեդալով պարգևատրվել է չեչենական երկրորդ պատերազմում գեներալ Ասլան Մասխադովի շտաբի գրավման համար։ Մինչև 2009 թվականը շարունակել է զինվորական ծառայությունը Չեչնիայում՝ ղեկավարելով 17-րդ մոտոհրաձգային բրիգադը։ Այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՌԴ զինված ուժերում։

2016 թվականին Ռուստամ Մուրադովը դարձավ Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 2016 թվականի մարտին ռուսական РИА Новости պետական գործակալությունը հայտնեց, որ Դոնբասի Յասինովատայա քաղաքի մոտակայքում այդ ժամանակ գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը 20 րոպե շարունակ հայտնվել է նռնականետերի, զենիթային համակարգերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ և միայն հրաշքով է ողջ մնացել։

2017 թվականին Ռուստամ Մուրադովը ռազմական խորհրդատուի կարգավիճակով արդեն Սիրիայում էր, որտեղ ղեկավարում էր ռուսական զորքերը Դեր Զորում։ Սիրիայում ծառայության համար էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Ռուստամ Մուրադովին արժանացրեց Ռուսաստանի հերոսի կոչման։

2019 թվականի հունվարի 12-ին նշանակվել է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ։

2020 թվականի փետրվարին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Պատկերացումները զինվորական ծառայության մասին

2012 թվականին պատասխանելով Ռուսաստանի զինված ուժերի Красная звезда թերթի թղթակցի հարցին, թե ինչպիսի տեսլական ունի բազմազգ կոլեկտիվներում համախմբվածության հարցերը լուծելու մասին, Ռուստամ Մուրադովը պատասխանել էր․ 

«Կարծում եմ, որ սպան՝ որպես պետական այր, չպետք է ունենա «ազգության հասկացություն»։ Դա իմ սկզբունքներից մեկն է։ Համոզված եմ, որ չկան «հյուսիսկովկասցիներ»։ Կան զինվորներ, որոնք զորակոչվել են Հյուսիսային Կովկասից։ Այդ պատճառով անհրաժեշտ է սկզբունքորեն և խստորեն յուրաքանչյուրին վերաբերվել ըստ կանոնագրքի»։

Մուրադովն ասել է, որ սպաները պետք է իմանան ազգային հոգեբանության առանձնահատկությունները, և ինքը նույնպես պատմում է, թե ինչ է Կովկասը, սակայն խնդիրների առաջացման դեպքում բոլոր զինվորներին նույն կերպ է վերաբերվում՝ անկախ ազգությունից։ Նա շեշտում է, որ հանցակազմի առկայության դեպքում խոստերն պատժում է։ Միևնույն ժամանակ Ռուստամ Մուրադովը կարծում է, որ վատ զինվորներ չեն լինում։ 

«Ցանկացած հանցագրոծություն սպայի, հրամանատարի բացթողումն է։ Դա նշանակում է, որ մենք չենք ուսումնասիրել զինվորին և չենք ստիպել նրան աշխատել այնպես, ինչպես որ պետք է։ Հենց այս պատճառով է, որ մեր բրիգադում կարգապահության խնդիրներ չկան»,- Красная звезда-ին ասել էր Մուրադովը։

Մուրադովը՝ Արցախում ռուսական խաղապահ զորախմբի հրամանատար

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Նոյեմբերի 12-ի առավոտյան РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Ռուստամ Մուրադովը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Նույն օրը՝ քիչ ավելի ուշ, ռուսական պետական լրատվական գործակալությունն արդեն հաղորդեց Մուրադովի մեկ այլ հանդիպման մասին՝ այս անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետ հետ։ Երկու հանդիպումներում էլ, ըստ РИА Новости-ի, քննարկվել են խաղաղապահ զորախմբի տեղակայմանն առնչվող հարցեր։

Ձեզ կհետաքրքրի...