Ռուստամ Մուրադովը խոսել է հրադադարի համաձայնագրի կատարման և իր ազգային պատկանելության մասին

Muradov

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը պատմել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրի կատարման մասին՝ տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաընկերության կայքը:

Մուրադովը հայտնել է, որ անձնակազմը որոշակի վերապատրաստում է անցել, և խաղաղապահական թեմայով գործնական միջոցառումներ են անցկացվել:  

Գեներալ-լեյտենանտը նշել է, որ խաղաղապահներն ավարտում են դիտակետերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: 

Հայտարարության ընթացքում Մուրադովը շեշտել է, որ իր համար՝ որպես սպայի, չկան ազգություններ և պատասխանել է իր պատկանելության մասին հետաքրքրող հարցին:

«Ես կատարում եմ իմ առջև դրված խնդիրները: Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորին դա այդքան հետաքրքրում է, ես ծնվել եմ Դաղստանի Հանրապետությունում, ես ազգությամբ թաբասարանցի եմ և հարևան պետության հետ ոչ մի կապ չունեմ»,- պատմել է հրամանատարը:

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում բացվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժինը, որտեղ ամենօրյա տեղեկագրեր են հրապարակվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մշտադիտարկման, իրավիճակի մասին քարտեզների, նորությունների և մուլտիմեդիա նյութերի մասին:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...