ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը և պարգևները: