Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանարմասնում է նախարար Թորոսյանը
Հայաստանի առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս երկու մարտահրավերներից՝ կորոնավիրուս և պատերազմ: Այն դրսևորվել է լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառանալով առողջապահական համակարգի ներկայիս վիճակին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին:
-Պարոն Թորոսյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանը հումանիտար աղետի առաջ է կանգնած, առողջապահական համակարգը ճգնաժամի շեմին է: Ինչպես կգնահատեք ներկայում համակարգի վիճակը՝ հաշվի առնելով մի կողմից պատերազմը, մյուս կողմից կորոնավիրուսը:
-Իհարկե, ասել, որ աղետի մեջ ենք կամ ճգնաժամի շեմին ենք մի քիչ դժվար է, որովհետև այդ անցումը որևէ տեղ սահմանված չէ, թե որն է մինչ ճգնաժամի շեմը և որը դրանից հետո: Ամեն դեպքում իրավիճակը շարունակում է բարդ մնալ շատ վաղուց: Եթե հիշենք կորոնավիրուսի հետ կապված ամառային փոքրիկ բարելավումը, միևնույն է, այդ ժամանակ ևս առողջապահական համակարագի վիճակը բարդ էր: Դրա հետ մեկտեղ, եթե անդրադառնանք կոնկրետ բուժօգնություն ստացող քաղաքացիներին՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, պատերազմի հետևանքով վիրավորվածներին, ապա մենք մինչ օրս էլ կարողացել ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Վիրավորների մասով դա 100 տոկոսով է արվում, իսկ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների հետ կապված, գիտենք, որ ունենք հերթեր, երբ մարդիկ սպասում են հոսպիտալացման: Այստեղ էլ փորձում ենք, այնպես անել, որ ամենածանր վիճակում գտնվողները շատ արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է` առողջապահական համակարգն աշխատում է սահմանային վիճակում: Այսինքն՝ սրանից ավելի ռեսուրս՝ լինի մարդկային, մահճակալային, սարքավորումային, ինչու ոչ ֆինանսական, հնարավոր չէ գործնականում ավելացնել: Մեր խնդիրն այն է` այնպես անել, որ այդ ծառայության կարիք ունեցող քաղաքացինրի թիվը քչանա, վարակի տարածվածությունը նվազի, որովհետև այլ տեղ չկա հնարավորությունները մեծացնելու: Եվ դա օբյեկտիվ է, պայմանավորված չէ որևէ մեկի կամքով: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս այս երկու մարտահրավերներից: Դրա վառ ապացույցն է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մեր քաղաքացիների թվում մահացության տոկոսը, որը 1.5 է: Աշխարհի շատ երկրների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է մինչև 4, 5, 6 նույնիսկ 10 տոկոսի:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում վիրավորվածների ընդհանուր թվում մահացության տոկոսին, ապա այն մոտ է 1-ին: Նրանք, այն քաղաքացիներն են, որոնք վիրավորվել են, տեղափոխվել են հոսպիտալային օղակ ու դրանից հետո չի հաջողվել նրանց կյանքը փրկել:
Ուժերի հնարավոր մոբիլիզացիայով, կազմակերպված ու համակարգված առողջապահության համակարգն աշխատել է: Կարծում եմ՝ ականատեսները նույնպես կվկայեն, որ Գորիսի, Վարդենիսի բժշկական կենտրոնները, որտեղ հիմնական հոսքն էր գնում, ինչ արագ էին աշխատանքները կազմակերպում, քանի շտապօգնության մեքենաներ էին ներգրավում: Սանիտարական ավիացիայի մասին չեմ խոսում, երբ այս ընթացքում 82 թռիչք է կատարվել: Օր է եղել ավիացիայի միջոցով 10 հոգու տեղափոխություն է կատարվել, և դա արվել է բավական բարդ պայմաններում: Առողջապահական համակարգը դրսևորել է իրեն լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի, ինչու ոչ նաև Առողջապահության նախարարության:
-Հետպատերազմյան շրջանում իրավիճակը գնահատելով՝ ինչպիսի հնարավորություններ ունի առողջապահական համակարգը պատերազմի հետևանքով վիրավորվածների պատշաճ բուժօգնության, վերականգնողական աշխատանքների համար: Եվ եթե կարելի է նշեք, թե վիրավորվածների շրջանում ծայրահեղ ծանր, ծանր վիճակում գտնվողները տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն են կազմում:
-Մոտավոր թիվ պետք է ասեմ: Վիրավորվածների թվում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողները մոտ 15 տոկոս են կազմում: Բուն բժշկական առումով մեր մոբիլիզացված հնարավորություններն այնպիսին են, որ բոլորն անխտիր ստացել են որակյալ բուժօգնություն և դեռ կարող են ստանալ: Մոբիլիզացված է եղել 36 բժշկական կենտրոն միայն վիրավորներին բուժելու համար, մի մասը մասամբ հատուկ մահճակալային ֆոնդով, որոշներն՝ ամբողջությամբ: Եվ այդ ամենը կազմակերպվել է ռազմաբժշկության սկզբունքներին համապատասխան: Հիմա էլ նույն սկզբունքներով բուժհաստատությունները գործում են, անկախ նրանից, որ պատերազմական բուն գործողություններն ավարտվել են:
Գալիս է հաջորդ ուղղությունը՝ վերականգնողական ծառայությունը: Բազմաթիվ վիրավորվածներ հիվանդանոցային բուժմամբ չեն սահմանափակվելու, նրանք այս ծառայության կարիքն են ունենալու: Հաշմանդամություն ստացած զինծառայողներն են՝ տարբեր անդամահատումներով: Այստեղ մի քանի բան պետք է արվի: Առաջինը եղած ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելն է: Դրանք կան, սակայն մեր գնահատմամբ բավարար չեն: Խոսքը զուտ մահճակալային ֆոնդի մասին է: Արդեն ոլորտի հաստատությունների հետ քննարկել և մեխանիզմներ ենք մշակել, որ բոլորը հնարավորինս աշխատեն իրենց ռեսուրսների շրջանակում:
Հաջորդը նոր ռեսուրսների ձևավորումն է, օրինակ, նոր մեծ վերականգնողական կենտրոնի ստեղծումը, հավանաբար նոր շենքում: Մենք արդեն մոտ 250 մահճակալով կենտրոնի նախագծի կոնցեպտն ունենք: Դրա համար մի քանի ուղղություններով պետք է ֆինանսավորում գտնենք՝ բյուջետային, ինչու ոչ աջակցություն սփյուռքահայ հանրույթից, որը հետաքրքրված է զինվորների վերականգնողական հարցերով, դրանից բացի, դոնոր կազմակերպություններ:
Երրորդ ուղղությունն այդ ամենի շարունակական ֆինանսավորման ապահովումն է: Ընթացիկ ծախսերը պետք է ֆինանսավորվեն, պետությունն ունի պարտավորություն մեր քաղաքացիների նկատմամբ: Կան մոտավոր հաշվարկներ, որ մեզ դրա համար տարեկան հավանաբար պետք կլինի 2- 2.5 մլրդ դրամ: Դա այս պահին բյուջեում ներառված չէ, որովհետև այն գրվել է ամռանը: Երբ հաշվարկները վերջնական արվեն, կառաջարկվի փոփոխություն, որ մեր գծագրած մեխանիզմը ֆինանսավորվի:
Նաև կցանկանայի պրոթեզավորման կենտրոնների մասին խոսել: Այդ ուղղությունը մեր ուշադրության կենտրոնում է, գիտեք, որ վիրավոր զինվորներից շատերին պրոթեզ է պետք լինելու: Ասեմ, որ նոր կենտրոն է բացվելու, ներկայում կառուցման փուլում է: Պետք է փորձենք այնպես անել, որ պրոթեզների արտադրությունը հնարավորինս լինի տեղում, հատկապես բարդ պրոթեզների: Որքան տեղում կարողանանք դրանք ունենալ, այնքան հեշտ կլինի մեր վիրավոր զինծառայողների համար:
-Դուք օրերս հանդիպել էիք բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ՝ ընդգծելով փորձի փոխանակում ծավալելու հնարավորությունը: Հետպատերազմյան փուլում թե զինծառայողների, թե կորոնավիրուսով հիվանդների բուժման կազմակերպման հարցում դրսից մասնագիտական խմբեր հրավիրելու կարիք տեսնո՞ւմ եք:
-Տեսել ենք և տեսնում ենք: Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք: Կորոնավիրուսի ամենածանր փուլում մենք բազմաթիվ մասնագիտական խմբերի այց ունեցանք, անհատներ նույնպես եկան աշխարհի տարբեր երկրներից: Նույնը մի քիչ այլ կերպ ունեցանք նաև պատերազմի ժամանակ: Հետխորհրդային շրջանի երկրներից շատ բժիշկներ, բուժաշխատողներ եկան մեզ օգնելու: ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից մասնագետներ ևս եկան: Բոլորը շատ մեծ գործ արեցին Հայաստանում աշխատող իրենց կոլեգաների հետ: Նրանք թե նորագույն մոտեցումներ են փոխանցել, թե ֆիզիկապես են օգնել: Նրանցից շատերը դեռ Հայաստանում են:
Մասնագետների կարիքի հարցը դեռ ուժի մեջ է՝ կապված թե վիրավորների, թե կորոնավիրուսով վարակվածների բուժման հետ: Երեկ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերության հետ, որ Հայաստան կրկին կայցելի բժիշկների թիմ՝ օգնելու մեզ կորոնավիրուսի հետ կապված: Դա շատ կարևոր է, որովհետև չգիտենք սա որքան կտևի, հիմա էլ խոսվում է երրորդ ալիքի մասին: Այնպես որ մասնագետների կարիքի հարցն ուժի մեջ է, պատկերացրեք, թե որքան հյուծված են մեր բժիշկներն՝ 8 ամիս անընդմեջ նույն ծանր աշխատանքը կատարելով:
-Այս օրերին մեծ օգնություն եկավ Սփյուռքից: Մեր հայրենակիցների ջանքերով ուղարկվում էին սարքավորումներ, մեքենաներ, դեղորայք: Այսօր կարո՞ղ ենք ասել, թե ինչի կարիք ունի մեր առողջապահության համակարգն առաջիկայի համար: Ի՞նչ ուղղություններով մեր հայրենակիցները կարող են ձեռք մեկնել:
— Ճիշտ եք նշում մենք այս օրերին մեծաքանակ օգնություն ենք ստացել, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Մենք ստացել ենք բազմապիսի օգնություն՝ դեղորայք, բժշկական պարագաներ, սարքավորումներ, ի դեպ, բավական թանկ սարքավորումներ, որոնցից օրինակ համակարգչային տոմոգրաֆը, որը մենք որոշեցինք տեղակայել Կապանի բժշկական կենտրոնում: Այն նույնպես վիրավորներ ընդունող և առաջնագծին մոտ գտնվող բուժհաստատություն է: Նման սարքավորումների կարիքը մշտական գնահատման մեջ է, բայց այս տեսակի օգնությունն ավելի շատ պետք է լինում այսպիսի ճգնաժամի պայմաններում, երբ ծախսը նորմայից բազմապատիկ ավելանում է:
Ավելի հանդարտ պայմաններում մեր սփյուռքի կազմակերպություններից ավելի շատ ակնկալում եմ ինտելեկտուալ օգնություն, ինչն, իհարկե, չի բացառում ֆինանսական, սարքավորումների աջակցությունը, սակայն փորձը ցույց է տալիս՝ այն, ինչ հնարավոր է գնել, կարելի է անել այստեղ կամ գտնել ֆինանսներ, սակայն միշտ չէ, որ գիտելիքը հնարավոր է գնել: Ես միշտ կոչ եմ արել մեր սփյուռքահայ բժիշկներին գալ և նորագույն մոտեցումներով կիսվել տեղի գործընկերների հետ:
Առողջապահության վրա ներդրումները Հայաստանում էլ մեծ տեմպերով աճում են, իհարկե, հաջորդ տարվա համար բյուջի աճը փոքր է, դա կապված կորոնավիրուսի հետևանքով տնտեսական բարդ իրավիճակի հետ, բայց միևնույն է, դա շատ ավելին է, քան եղել է մի քանի տարի առաջ: Ես կարծում եմ, որ սփյուռքահայ մեր հանրությունը մի մասն է մեր առողջապահության, մենք մշտական կապի մեջ ենք, այդ ուղղությունն այնքան լավ զարգացած է, որ թափ հավաքելով եկել է: Այդ համագործակցությունը մեծ արժեք ունի:
-Վերջին շրջանում քաղաքացիներից ահազանգեր էին լինում, որ դեղատներում դժվար է գտնել հակաբիոտիկներ, կորոնավիրուսի հետ կապված դեղորայք: Այս ընթացքում մենք մատակարարման խնդի՞ր ունեցել ենք:
-Այդ խնդիրը նկատել ենք, բայց դա ոչ թե ինչ-որ բանի պակասից է, այլ ավելորդ ծախսից: Կարիք և ցուցում չունեցող մեր քաղաքացիները, լսելով տարատեսակ ասեկոսներ, դեղատներից գնում են տարբեր դեղորայք: Չեն բացառվում դեպքեր, երբ որոշ ոչ այդ հիվանդությունը բուժող բժիշկներ կորոնավիրուսային հիվանդության թեթև ձևերի պարագայում, երբ չկա բակտերիալ թոքաբորբ, հակաբիոտիկներ են առաջարկում: Ստացվում է, որ մենք արհեստական շուկայից հանում ենք ապրանքը, անիմաստ օգտագործում ենք, ու գալիս է մի իրավիճակ, երբ իսկապես դրանց կարիքն ունեցող քաղաքացիների համար առաջանում է դեֆիցիտ: Թեպետ ասեմ, որ այդ դեֆիցիտը շատ արագ լրացվում է: Բարեբախտաբար, այս ծանր վիճակում մենք դեղորայքի ներկրումների խնդիր չենք ունեցել, նաև չենք ունեցել տեղում արտադրության խնդիր:
Աննա Գզիրյան