Բայդենը խոսել է նախագահության առաջին հարյուր օրվա պլանների մասին
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենն ասել է, որ երկրի ղեկավարման առաջին հարյուր օրը նվիրելու է միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին՝ հայտնում է Reuters-ը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է չեղարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հրամանագրեր, որոնք, նրա կարծիքով, վնասել են կլիմային ու մարդու առողջությանը:
Բայդենը նաև ասել է, որ հետաքննություն չի սկսի Թրամփի նկատմամբ ու խոստացել է կենտրոնանալ ամերիկյան հասարակության մեջ վստահության վերականգնման վրա:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ իր իշխանությունը չի լինի Բարաք Օբամայի «երրորդ ժամկետը», ում հետ նա ութ տարի աշխատել է որպես փոխնախագահ: «Մենք բոլորովին այլ աշխարհի առջև ենք կանգնած: Նախագահ Թրամփը փոխել է բնապատկերը: «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականության հետևանքով երկիրն այսօր միայնակ է»,- ավելացրել է Բայդենը: