Տղան, որ դաշնամուրը փոխարինեց զենքով. BBC-ի ռեպորտաժն անհետ կորած հայ զինծառայողի մասին

BBC

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ դաշնամուր և սաքսոֆոն նվագող Սողոմոնը կռվի ընթացքում իր երաժշտական գործիքը փոխարինել է զենքով:

«Բանակ գնալուց առաջ սաքսոֆոն սովորեց, որ նվագախումբ ընկնի, բայց այն վայրում, որտեղ ծառայության մեկնեց, նվագախումբ չկար»,- նշում է Սողոմոնի քույրը՝ հավելելով, որ եղբայրը փոքր տարիքից կռիվ անել չէր սիրում:

Սողոմոնի վերաբերյալ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն հոկտեմբերի 1-ից:

«Իրենց հրամանատարն ասում էր, որ նա մահացել է, բայց մյուսն էլ ասում էր, որ հաջորդ օրն իրենք միասին են եղել»,- նշում է անհետ կորած զինծառայողի քույրը:

22-ամյա զինծառայողի հարազատները հույսը չեն կորցնում, որ Սողոմոնը մի օր վերադառնալու է:

«Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա»,- նշում է Սողոմոնի հայրը` Կամսարը:

Լրատվամիջոցը հավելում է, որ բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց անհետ կորած որդիներին: Մինչ օրս էլ շարունակվում է նաև զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:

Ձեզ կհետաքրքրի...