Նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո առաջին այցս էր «Ջրվեժ» անտառպարկ՝ պայմանավորված խիստ լարված աշխատանքային ռեժիմով. Ռոմանոս Պետրոսյան

Jrvej

Այսօր աշխատանքային այցով եղա «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում։ «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ («Որդան կարմիր» պետական արգելավայր, «էրեբունի» պետական արգելոց, «Իջևանի դենդրոպարկ» պետական հինարկ, «Զիկատար» պետական արգելավայր), ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ:
Նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո առաջին այցս էր «Ջրվեժ» անտառպարկ՝ պայմանավորված խիստ լարված աշխատանքային ռեժիմով:
✅ Հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն։
❗️Անդրադարձա «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին: Այդ որոշումն արդյունք էր աշխատանքային կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների և խախտումների: Որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու: Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու արդյունավետության բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Պետական հարստություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով, սոցիալական դիրքով ու շահերով: Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը:
Պատերազմական իրավիճակը և այն աղետը, որի միջով անցանք, բավականին ստվերեցին այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էինք, բայց մի բան աներկբա է՝ մեր գերնպատակն օրենքի գերակայության հաստատումն է: Նախևառաջ պետք է մեր գործընկերներն ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել աշխատանքային պայմաններով, պատշաճ տեխնիկայով և աշխատանքային համազգեստով ապահովված լինեն: «Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար: Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային զբոսայգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով:
✅ Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի. այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։
✅ Մենք սեղմում ենք յուրաքանչյուր ձեռք, և ճանապարհը շարունակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր այս առաջնահերթություններն ու բարեփոխումների մոտեցումները, աշխատում են ազնիվ, շարժվում՝ բացառապես օրենսդրությամբ և առաջնորդվում երկրի ու ժողովրդի բարեկեցության տեսլականով:
✅ Քննարկեցինք նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։
Պետական ծառայությունը առաքելություն է: Բոլորս ծառայում ենք միայն ի շահ և ի բարեկեցություն Հայաստանի Հանրապետության:

Ձեզ կհետաքրքրի...