Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունների հետ կապված՝ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ
«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:
Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: