Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Honda-ն, Lada-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ.
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումատակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարւոմ Ա. Իսախանյանը, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստսցվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են: Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը մահվան մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com