ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ․ Անկարան զգուշացրել է պատասխան քայլեր ձեռնարկել
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ-ի հիշյալ որոշումը կոշտ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ դատապարտում են այդ որոշումը։
«Այս որոշման դեմ, որն անխուսափելիորեն բացասաբար ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու և պատասխանելու է ըստ նպատակահարմարության և ժամանակացույցի։ Թուրքիան իր ազգային անվտանգությունն ապահովելու համար նաև զերծ չի մնա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց»,-նշված է հայտարարությունում։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել այդ «ծանր սխալից»։
Հիշյալ որոշումը դատապարտել է նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նշելով, որ «որևէ երկրի»՝ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշումը չի կարող ազդել Թուրքիայի վրա։
Հատկանշական է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևի խոսքով՝ այդ որոշումը «անարդարացիության և անօրինականության ցուցիչ է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել էր․ «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց և փորձարկեց S-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որևէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։
Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։
«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։
ermenihaber.am