Գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Մարիա Զախարովա
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի է ունենում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների գործունեության համապատասխանեցում ընդունված փաստաթղթի դրույթներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է կարգավորվեն միջազգային կառույցների ինստիտուցիոնալ և համակարգված գործունեությամբ:
Անդրադառնալով դեկտեմբերի 11-12-ը Ադրբեջանի զինուժի կողմից զինադադարի խախտումներին՝ Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ձգտում է անել հնարավորը տարածաշրջանում կայունության հարատև հաստատման համար՝ հույս հայտնելով, որ կողմերը նույնպես կորդեգրեն նույն դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ռուս համանախագահի բացակայությանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ դրա մեջ պետք չէ որոնել քաղաքական ենթատեքստ, դա պարզապես լոգիստիկ հարց էր:
Ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի հայտարարությունների մասով Զախարովան նշել է, որ հակամարտության կողմերի որևէ ներկայացուցչի հայտարարություն պետք է ուղղված լինի միայն հիմնախնդրի կարգավորմանը:
Նա հայտնել է, որ կողմերի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, իսկ տեղում առաջացող բոլոր հարցերը, կարգավորվում են այն խողովակների միջոցով, որոնք ռուսական կողմը պահպանում է Երևանի և Բաքվի հետ: