Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում

Romanos
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Այսօր ընդունեցի «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ․ Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը։
Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, շնորհակալություն հայտնեցի գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։
✅ Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկեցինք հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Ներկայացրեցի անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր ենք արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։
✅ Անդրադարձա անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկեցինք անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։
✅ Ներկայացրեցի անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Գործընկերներին ներկայացրեցի, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։
✅ Անդրադարձ կատարվեց նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Խոսեցի ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրեցի այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնեցի, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։
✅ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորեց նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։
✅ «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։
✅ Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Անտառային օրենսգրում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրեց գործընկերներին հանդես գալ առաջարկներով։
Ամփոփելով հանդիպումը՝ ներկայացրեցի բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորեցի գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։

Ձեզ կհետաքրքրի...