Ավարտվել է Ակնաշենի ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը. հայտնաբերվել է նեոլիթի հուշարձան

Hushardzan

Հայ-ֆրանսիական արշավախումբը, որը գրեթե 15 տարի պեղումներ է իրականացնում Ակնաշենում, այնտեղ նոր քարի դարի հուշարձան է հայտնաբերել: 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Հուշարձանը պատկանում է այն շրջանին, երբ մարդն առաջին անգամ սկսում է  բնակատեղիներ կառուցել, ապրել, երբ ձևավորվում է երկրագործությունը և այլն: 2020-ին ամփոփվեցին պեղումների արդյունքները և ավարտվեց ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը: Մենք լայնածավալ գիրք ենք հրատարակելու, որը լույս է տեսնելու արտասահմանում: Միջազգային մի մեծ թիմ է աշխատելու գրքի վրա»,-տեղեկացրեց Ավետիսյանը:

Նա ընդգծեց՝  կատարված աշխատանքի արդյունքները խիստ տպավորիչ են և կարևոր են ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում նեոլիթյան հեղափոխության ընթացքը մեկնաբանելու, փաստագրելու, ներկայացնելու համար:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում աշխատանքները սկսվել են 2004 թվականից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում, կան մի քանի հրատարակություններ համալիր ուսումնասիրությունների մասին: 

 

Անժելա Համբարձումյան

Ձեզ կհետաքրքրի...