Արտահերթ ընտրությունը կարող է լինել լուծում բոլորի համար․ Լ․Նազարյան
Հարզացրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ
-2020 թվականը բարդ տարի էր, և Հայաստանի Ազգային ժողովը, ըստ էության, իր ամբողջ հնարավորություններով չաշխատեց: Արդյունքն ինչպե՞ս եք գնահատում:
-Այո, ճգնաժամային տարի էր բոլոր պետական ինստիտուտների համար։ Մեծ հաշվով, խորհրդարանը չգործեց իր բնականոն աշխատանքային ընթացքով, ինչպես 2019-ին էր աշխատել։ Նախ՝ համավարակը, հետո՝ պատերազմը։ Մենք հիմնականում քննարկում և ընդունում էինք միայն առաջնային ու ամենահրատապ նախագծերը, որոնք ներկայացնում էր կառավարությունը: Պատգամավորների մշակած շատ նախագծեր հանվեցին օրակարգից, մայր օրենքներ էինք մշակել, տարբեր նախագծեր ունեինք, բայց հանեցինք օրակարգից, որպեսզի նախ՝ համավարակի պայմաններում խորհրդարանում երկար քննարկումներ չլինեն, երկրորդ՝ ռազմական դրության պայմաններում անհեթեթ կլիներ դրանց քննարկումը: Այսուհանդերձ, չնայած համավարակին, պատգամավորները գալիս էին խորհրդարան: Մենք ոչ մի նիստ բաց չենք թողել, չենք հետաձգել։ Պատերազմից հետո Ազգային ժողովի վրա հարձակում եղավ, բայց անգամ այդ պայմաններում խորհրդարանը չի դադարեցրել աշխատանքը։ Շատ էին այդ օրերին խոսում անիշխանության մասին, բայց ես պնդում եմ, որ անիշխանություն ոչ մի րոպե չի եղել։
-Ու Ձեր այդ պնդմանը զուգահեռ նկատենք, որ անցնող տարում հարձակում եղավ ոչ միայն Ազգային ժողովի շենքի վրա, այլև ԱԺ նախագահի նկատմամբ:
-Դա հարձակում չէր, դա մահափորձ էր։ Շատ են խոսում քաղաքացիական հնարավոր պատերազմի մասին. այդ գիշեր քաղաքացիական բախումների ու պատերազմի հնարավորությունը շատ ռեալ էր։ Ինչո՞ւ: Առհասարակ, քաղաքացիական բախումներ ու պատերազմ հնարավոր են, երբ իշխանությունը թույլ է կամ երբ կառավարող ուժ չկա։ Այդ գիշեր այդ ավազակախմբի նպատակն էր գլխատել կառավարող ուժին, որպեսզի անիշխանության պայմաններում հեղաշրջում կատարվի։ Բարեբախտություն էր մեր պետության համար, որ դա չհաջողվեց անել։ Ի դեպ, այսօր բացահայտվում են այդ խմբի կապերը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ:
-2020-ը նաև անհանդուրժողականության տարի էր: Բանը հասավ նույնիսկ միմյանց նկատմամբ բռնություն կիրառելուն։ Ինչո՞ւ համագործակցություն չի ստացվում խորհրդարանական ուժերի միջև։
-Սա ընդգրկուն թեմա է, ու դրա մեջ ներառվում է նաև այս օրերի համատարած վիրավորանքը: Մենք երբեք Սերժ Սարգսյանին չենք անվանել տականք, անմեղսունակ, տգետ, տհաս: Այո, Նիկոլ Փաշինյանի խոսքը շատ սուր և կոշտ է։ Դա ենթադրում քաղաքական բանավեճը, բայց այդպիսի բառեր մենք երբեք Սերժ Սարգսյանի հասցեին չենք օգատգործել։
-Բայց Նիկոլ Փաշինյանը վիրավորական արտահայտություններ է օգտագործում, ամբողջ համակարգի հասցեին. օրինակ, «վնգստացող դատավորներ»-ը։
-Դա կոշտ արտահայտություն է և չի համեմատվի այն ամենի հետ, ինչ հրապարակայնորեն ասում են իրենց քաղաքական գործիչներ հայտարարածները։ Այդ սանձարձակությունն ուղղակի ապշեցուցիչ է։ Իրենք են բացել այս թեման, իրենք սկսեցին ատելության խոսք տարածել, որովհետև երևի էլ չէին դիմանում։
-Տիկին Նազարյան, մենք 2018 էլ ենք լսել սև-սպիտակի մասին կոչեր: Հենց ձեր թիմի կողմից: Ընդունո՞ւմ եք, որ հանրությանը խմբերի բաժանելը հենց այդտեղից սկսվեց:
-Սև- սպիտակը այլաբանական բնորոշում է՝ դուք այն կողմում եք, մենք՝ այս։ Կարելի է ասել հին և նոր։ Մեծ բան չեմ տեսնում դրա մեջ։ Անընդունելի են վիրավորանքները: Ամեն սուր խոսք քաղաքական դաշտում ընդունելի է, բայց ոչ վիրավորանքը, հայհոյանքը։ Դրան ի՞նչ պատասխանես։ Կան պատգամավորներ, որ լսում են վիրավորանք ու վիրավորելով պատասխանում: Ասում են, օրինակ, ա՛յ տականք, դու ո՞նց ես ինձ տականք անվանում։ Ես համոզված եմ, որ իրենք սկսեցին ամենախոսությունը, սանձարձակությունը, մեր աջակիցներն էլ երևի տեսան, որ ոչ մեկի «բերանը չի ջարդվում», քանի որ մենք նման մեթոդներ չենք կիրառում, և իրենք էլ միացան դրան։ Ինչո՞ւ նախկինում նման բան չկար։ Եթե ինչ-որ մեկը իրենց պատկերացմամբ անպարկեշտ արտահայտություն էր թույլ տալիս, պատահում էր, ծեծում էին այդ ակտիվիստին, ու ծեծողները չէին հայտնաբերվում։ Այդպես եղավ Վիլեն Գաբրիելյանի, Արսեն Խառատյանի ու շատերի դեպքում: Հիմա որևէ մեկը ծեծ կերե՞լ է։ Խոսքի հանդեպ հիմա հոգատարություն չկա։ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, ինձ թվում է՝ նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նրանց էջերը ամեն օր նայել ու քաղցկեղով հիվանդանալ։ Նրանք դա են անում, իսկ մեզանից ոչ մեկ դա չի անում ու չի կարող անի։ Հետո էլ ասում են՝ մենք ենք ատելության խոսք տարածում: Ո՛չ, մենք նրանց ատելության խոսքի զոհն ենք։ Ամենախոսությունը նրանցն է։
-Չեք մտածո՞ւմ ընդդիմության հետ երկխոսելու մասին, Ձեզ շատ մեղադրում են, որ երկխոսության չեք գնում քաղաքական ուժերի հետ։
-Այդ երկխոսությունը հնարավոր է խորհրդարանական ընդդիմության հետ, որոնք ստացել են ժողովրդի ձայները ու ներկայացված են Ազգային ժողովում: Վերջին հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, դա էր՝ եկեք խոսենք, բայց ոչ հրաժարականի մասին, այլ արտահերթ ընտրության հնարավորության: Երկխոսությունը միայն խորհրդարանական ընդդիմության հետ՝ չեմ բացառում:
-Բայց արտախորհրդարանական ուժերն էլ ունեն կողմնակիցներ։
-Հասկանում եմ, բայց նրանց ուզածը հրաժարականն է։ Այլ բան իրենք չեն ասում։ Մենք էլ հրաժարականի հետ կապված պատասխանել ենք։
-Ինչպե՞ս եք պատկերացնում այս լարվածության թոթափումը, եթե դուք ձերն եք պնդում, նրանք՝ իրենցը։
-Արտահերթ ընտրությունը կարող է լինել լուծում բոլորի համար։ Չեմ պատկերացնում՝ ինչն է այդտեղ անընդունելի։ Իրենք կարծում են, թե հիմա ունեն ռեսուրս, և կարելի է պարտադրել, որ վարչապետը հրաժարական տա, բայց այլ թեկնծուի ընտրությունը ուղղակի բացառվում է:
-Խորհրդարանում հիմա քննարկումներ են Ընտրական օրենսգրքի շուրջ։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում։
-Մենք այդ քննարկումները նախաձեռնել ենք, քանի որ դա մեր ճանապարհային քարտեզի մաս է։ Մի անգամ խմբակցությունը նախաձեռնեց դրա շուրջ քննարկում վարչապետի հետ։ Նախատեսում ենք հանդիպում-քննարկումների առավել լայն շրջանակ: Քաղաքական որոշումներ պետք է կայացնենք մի քանի հարցերի և առաջին հերթին՝ վարկանիշային քվեարկության վերաբերյալ, պետք է հասկանանք՝ մնո՞ւմ է, թե՞ ոչ:
-Ինչպիսի՞ տրամադրվածություն կա խմբակցությունում:
-Դժվար է ասել: Ես միշտ դեմ եմ խոսել եմ ռեյտինգային քվեարկությանը, հիմա էլ գործընկերներիս ներկայացնելու եմ դրա հիմնավորումները։ Հակառակ կարծիքներ կան, բայց պետք է խոսենք, որ հասկանանք ու ընդհանուր որոշման գանք։ Հաջորդը՝ նախընտրական դաշինքների հարցն է՝ թողնե՞լ, թե՞ հանել։ Հայաստանում նախընտրական դաշինքները պատեհապաշտություն են՝ ստեղծվում են պահի տակ և հետո կազմալուծվում: Դա ինչ-որ իմաստով խաբեություն եմ համարում։ Շատ հետաքրքիր է տեղամասային հանձնաժողովների կազմին վերաբերող առաջարկը: Առաջարկվում է՝ դրանք կազմվեն ոչ թե կուսակցությունների ներկայացուցիչներից, այլ պետական ծառայողներից. ԿԸՀ-ն հայտարարում է մրցույթ, մասնակցողները մրցույթի միջոցով դառնում են հանձնաժողովի անդամներ։ Քննարկելի է նաև կոալիցիայի անդամների քանակը: Հիմա կոալիցիայում կազմում կարող է լինել առավելագույնը 3 կուսակցություն: Մտածում ենք հանել այդ սահմանափակումը։ Այս հարցերի վերաբերյալ դեռ պետք է քաղաքական որոշում կայացնենք։
-Ձեր քաղաքական ուժը հաճախ է քննադատվում ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով բարեփոխումներ ձախողելու համար: Դուք այստեղ մտահոգիչ ոչինչ չե՞ք տեսնում:
-2019-ը վա՞տ տարի էր։ Կար տնտեսական աճ, տնտեսական մրցակցություն։ Կա խոսքի ազատություն, դատարանները ազատ էին կառավարող ուժի ազդեցությունից, ուրիշ քաղաքական ուժերի ազդեցությունից՝ չգիտեմ։ Իսկ այս տարին մեծ հարված էր պետությանը և ժողովրդին։ Ինքս էլ քննադատելու շատ տեղեր եմ տեսնում, բայց որոշ առանցքային նախագծեր, որ ընդունել էինք, հունի մեջ էին ընկել էին, օրինակ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Ստեղծվել է ստորաբաժանում ու այժմ ուսումնասիրվում են հարյուրավոր դեպքեր։ Մինչև գործերն ընթացք կստանան, այդպիսի գույք ունեցողները մեդիատեռոր եոն անում։ Գուցե մենք պրոֆեսիոնալ չենք կարողացել գործել, որովհետև պետական համակարգում կադրային ջարդ չե՞նք արել։ Դա էլ մեր սխալն էր, որովհետև հավատում էինք անձի վերափոխմանը: Հետո հայտարարել ենք, որ պետական համակարգը դիմադրում է, բայց մեկ է՝ կադրային ջարդ չենք արել։ Այստեղ է մեր սխալը եղել։ Ես ընդունում եմ։ Լիքը մարդ պետք է պետական համակարգից հեռանար, պետք է փոխել քաղծառայողի համակարգը ու նոր մարդկանցով համալրել պետական համակարգը։ Դատական համակարգում լիքը կաշառակեր դատավորներ մնացին, որովհետև որոշեցինք այդ համակարգը մաքրել համակարգային փոփոխություններով, ոչ թե դուրս շպրտելով։ Պարզվեց՝ դա դարձավ սաբոտաժի բուն։ Մարդիկ սրանից են բողոքում։ Գուցե այստե՞ղ է մեր ոչ պրոֆեսիոնալիզմը: Մենք չուզեցինք համակարգը տանել կոլապսի։
-Ձեր նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն էլ շատ քննադատվեց։
-Այո, փորձեցինք հանրաքվե կազմակերպել, բայց համավարակը թույլ չտվեց: Այլ լուծում գտնվեց։ Այս հարցի նկատմամբ մեր ուշադրությունը ավելի երկարեց, քան պետք էր: Բայց խնդիր, միևնույն է, կար: Այնտեղ դիրքավորվել էին մարդիկ, որոնք բացարձակ չէին մտածում արդարադատությանը ծառայելու մասին, ունեին բացահայտ քաղաքական նկրտումներ:
-Հիմա խնդիրը լուծվա՞ծ եք համարում։
-Այո: Նույնիսկ օրինակ էլ կա՝ ՍԴ-ն վերջերս մերժել էր ԲՀԿ-ական պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ խորհրդի դիմումը: Այդ հարցը սահուն անտեսվեց։ Մենք ունենք ազատ դատարան, ես ուրախ եմ դրա համար։ Դա էր մեր ուզածը։
-Այսօրվա անորոշ վիճակում 2021-ի ծրագրերի մասին խոսել կարելի՞ է:
-Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչպես ենք առաջ շարժվում։ Ինքներս պետք է հասկանանք՝ ապագայի մեր ծրագիրը ո՞րն է։ Մեզ պետք է արտաքին ու ներքին խաղաղություն։ Նախ դա պետք է կարգավորենք։ Հաջորդը՝ ես նույնիսկ այս դժվար պայմաններում անհնար եմ համարում ժողովրդավարությունից հետքայլը: Ժողովրդավարությունը մեզ համար պետք է սովորություն դառնա։ Ես, որպես պատգամավոր, ինձ համարում եմ դրա երաշխավորը։ Բացառված է, որ ինձ ճնշեն, վախեցնեն, ինչ սուտ ու հայհոյանք ուզում են, թող գրեն, ես չեմ թույլ տա, որ ինձանով խաթարվի ժողովրդավարական ընտրություն անելու հնարավորությունը։ Պետք է վերականգնել տնտեսությունը։ Պետք է որոշենք մեր ապագայի տեսլականը՝ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել այս տարածաշրջանում։
-Խմբակցության համար էլ հեշտ չէր. ոմանք հեռացան խորհրդարանից, ոմանք՝ խմբակցությունից։ Հնարավո՞ր է «Իմ քայլը» պառակտվի։
-Եթե խմբակցությունը կազմալուծվեր, արդեն պիտի կազմալուծված լիներ: Այս հարվածից հետո, բնական է, ինչ-որ մարդիկ դուրս եկան, բայց մեծ հաշվով խմբակցությունը կայուն է: Ես կարծում եմ, որ արժանի մարդիկ են, անկաշառ ու ազնիվ: Հասկանում են, որ չի կարելի նման բան անել։ Խմբակցության պառակտման վրա հույս դնելը ճիշտ որոշում չէ։ Չի ստացվելու։