Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութով
Նոյեմբերի 21-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի, ըստ ՀՀ առողջապահական գերատեսչության՝ բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվեց Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:
«Հարկ է նշել, որ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է: Մեկ անգամ ևս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովմանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: