Փոփոխություն՝ դպրոցների ձմեռային արձակուրդի ժամկետում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները։ Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում:
Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:
Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:
«Հավելենք, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ: