Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից կաշառք վերցնելու համար
Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և Եվրախորհրդարանի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իտալական La Repubblica լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ դատարանը ճանաչել է, որ Վոլոնտեն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից ստանալով կես միլիոն եվրո:
Վոլոնտեն պարգևատրվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի ընդունումը դեռևս 2013-ի ձախողելու համար: Հետաքննության վարկածի համաձայն՝ դրա դիմաց նրան խոստացել են 10 մլն եվրո, որից նա կարող էր ստանալ 2.4 մլն (100 տոկոս հաջողվել է ապացուցել կես միլիոնը):
Ավելի վաղ իտալական մեկ այլ՝ La Verita պարբերականը հաղորդել էր, որ Վոլոնտեն գումարը ստացել է իր բացած երկու հիմնադրամների անունով: Միջոցները ձևակերպվում էին որպես կոնսալթինգի համար ծառայության դիմաց:
Վոլոնտեն մի շարք կենտրոնամետ կուսակցություններից չորս անգամ ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ: Վերջինը եղել է 2008-ին: 2010-ի հունվարից մինչև 2013-ի հունիսը նա ԵԽԽՎ-ում ղեկավարել է ԵԺԿ խմբակցությունը:
Իտալական Eni կորպորացիան Բաքու-Ջեյհան նավթամուղում ունի 5%: Առավել հեռանկարային և մասշտաբային համագործակցությունը TAP (Trans Adriatic Pipeline) գազատարի նախագծի շուրջ է:
Նախագծին, սակայն, դեմ է հանդես գալիս Ապուլիայի նահանգապետ Միկելե Էմիլիանոն:
Իտալական Hera կոմունալ ընկերությունը ցանկանում է դառնալ այդ գազի գնորդը, իսկ իտալական մի քանի ընկերություններ պատրաստ են ընդհանուր առմամբ 6 միլիարդ եվրոյի դիմաց գազատարի համար տեխնիկա մատակարարել: