Չինաստանի կոմկուսը կազգայնացնի Alibaba ընկերությունը
Չինացի միլիարդատեր, Alibaba և Ant Group հարթակների հիմնադիր Ջեք Մաի սեփականությունը հանդիսացող ընկերությունները կարող են ազգայնացվել: Սրա մասին հայտնի է դարձել International Bussines Times պարբերականին: Բացի Մաի ընկերություններից՝ Չինաստանի հետաքննող մարմիններն ուսումնասիրում են նաև WeChat մեսենջերի սեփականատեր հանդիսացող Tencent և էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող Meituan ընկերությունների գործունեությունը:
Նույն International Bussines Times-ի աղբյուրի պնդմամբ՝ Չինաստանի կոմկուսը որոշել է Alibaba և Ant Group ազգայնացմամբ դաս տալ չինական մյուս ընկերություններին: Ըստ պարբերականի՝ Ջեք Ման Չինաստանի կուսակցական վերնախավին ու անձամբ Սի Ցզինպիին զայրացրել էր անցած տարվա հոկտեմբերին՝ հայտարարելով, թե երկրի բանկերն ավելի շատ նմանվել են գրավատների, ինչի հետևանքով խոչընդոտում են նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը՝ այն դեպքում, երբ Ant Group-ը մեծ ներդրում ունի այս ոլորտում աշխատող, բայց քիչ ապահովված ու փոքր ընկերությունների վարկավորման գործում:
Ի դեպ՝ Ջեք Ման մոտ երկու ամիս հանրային վայրերում չի հայտնվել, և ենթադրություն կա, որ Չինաստանի ղեկավարության հետ ծագած հակամարտության սկզբից ի վեր նա թաքնվում է իր ընկերություններից մեկի՝ Հանչժոուում տեղակայված գլխադասային գրասենյակում: Նշենք նաև, որ Չինաստանի կառավարության և Ջեք Մաի հակամարտության արդյունքում միլիարդատիրոջ կարողությունը կրճատվել է շուրջ 12 մլրդ ամերիկյան դոլարով:
1lurer.am