ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ.
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ
31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:
Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:
Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը: