Կրակոցներ Երևանում. «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են «գոլդ համարներով» և կրակոցի հետքերով «յաշիկ» և Mercedes AMG GL42.
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան: Ինչպես հայտնում է ֆռտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի օպերլիազորներով: Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ: Այս պահին նշված ավտոմեքենաները զննում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչ հանգամանքներում և որտեղ են կրակոցներ արձակել նշված ավտոմեքենաների վրա, էրեբունու ոստիկաններն ու քննիչները ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ պարզել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք պարզել են նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում: Նշված ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր: Վնասված են նաև Mercedes AMG GL 42-ի հետևի և դիմացի ապակիները, կողային հատվածներում էլ կան կրակոցի հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com