Թուրքերը վրացական անօդաչուների նախատիպ են համարում իրենց բայրաքթարները
Թուրքիայում ոգևորված են, որ թուրքական արտադրության «Bayraktar» TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) «նախատիպ» են դարձել վրացական ԱԹՍ-ների արտադրության համար:
«Tbilisi Aviation Plant» ընկերությունը, որը 2019-ից սկսած T-31 ծրագրի շրջանակում փորձում է զարգացնել հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների ազգային արտադրությունը, իբրև հայտարարել է, որ դրանց ստեղծման համար օրինակ են ծառայում թուրքական բայրաքթարները: Ըստ թուրքական մամուլի՝ հիշյալ ընկերության հայտարարությունում ասվում է, թե վրացական ԱԹՍ-ների արտադրությունում իրենք նպատական ունեն կիրառել Թուրքիայի փորձը: Այնինչ վրացական ընկերությունն իր տարածած հայտարարությունում չի նշել, որ իրենք որպես նախատիպ վերցրել են թուրքական ԱԹՍ-ները։
Նշենք, որ ավելի վաղ վրացական «Tam-Management» ընկերությունը T-31 ԱԹՍ-ի ստեղծման մասին խոսելիս, հայտնել էր, որ այն որոշ պարամետրերով գերազանցում է իսրայելական ու թուրքական անօդաչու թռչող սարքերին, սարքն ի վիճակի է մեկ օր թռչել 350կգ բեռնատարողությամբ: Եվ եթե վառելիքի լրացուցիչ բաք են տեղադրում՝ թռիչքի տևողությունը կարող է հասնել մինչև 72 ժամի: