1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ Հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

charashahumner

 Գլխավոր դատախազությունը հաղորդում է Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում արձանագրված շուրջ 1.2 մլրդ դրամի առերևույթ չարաշահումների հայտնաբերման մասին:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել և ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար դրամ: Հայտարարված գնումների ընթացակարգերում յուրաքանչյուր տարի հաղթող է ճանաչվել միակ մասնակից «Յ…» ՍՊԸ-ն, որի հետ էլ կնքվել են հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման պայմանագրեր՝ համապատասխանաբար՝ շուրջ 716մլն դրամ, 700մլն դրամ, 700մլն դրամ և 703մլն դրամ արժեքներով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել:

Իսկ նույն Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400 մլն դրամ, ինչը 300 միլիոնով պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից:

Ըստ դատախազության` ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրավանորմերի պահանջները, Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեզ կհետաքրքրի...